Շիրակի մարզի Առափի համայնքի սողանքային գոտում գտնվող տնտեսությունների հարցն ուսումնասիրվել է քաղաքաշինության նախարարության կողմից եւ շուտով կորոշվի, թե ինչ լուծում են տալու խնդրին: Այս մասին հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ: «Այդ հարցը ուսումնասիրվել, քննարկվել է, շուտով կներկայացնենք կառավարություն՝ հստակ առաջարկություններով, կառավարությունում էլ քննարկենք, նոր հստակ ինչ-որ ասելիք կունենանք»,-ասել է արդան Վարդանյանը:
Խնդիրը վերաբերում է Շիրակի մարզի Առափի համայնքի տնտեսությունների մոտ 50 տոկոսին, որոնք ապրում են սողանքային գոտում: Իսկ 10 տնտեսություն Առափիի գյուղապետարանի տվյալներով, շտապ տարհանման ենթակա է:
«Սողանքի դեմ, դժբախտաբար, հնարավոր չէ որեւէ կերպ պայքարել, դա բնությունն է, ուրիշ բան, որ այդ ժողովրդին տարհանել, տեղափոխել է պետք»,-ասել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը՝հավելելով, որ խնդրին տեղյակ են կառավարությունում եւ նույն խնդիրն առկա է նաեւ հարեւան մարզերում:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս սողանքի ակտիվ շարժի պատճառով Շիրակի մարզի Առափի համայնքում սարը շարժվել էր դեպի տները, վնասներ հասցրել տնտեսություններից մեկին: Ընտանիքին տարհանել էին, սակայն տեղափոխել էին կրկին սողանքային գոտի:




























