Հայաստանում վերջին տարիներին, հատկապես «թավշյա հեղափոխությունից» հետո զգալիորեն բարձրացել է վստահության մակարդակը օմբուդսմենի նկատմամբ, ինչի մասին վկայում է քաղաքացիների՝ նրան ուղղվող դիմումների թվի ավելացումը։ Այս մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 15-ամյակին նվիրված համաժողովում նոյեմբերի 26-ին ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ այդ գրասենյակը կարող է դառնալ կարեւորագույն ինստիտուտ քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ վերականգնման համար, որոնք խախտվել են երկար տարիներ։ «Որպես Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար այսօր ցանկանում եմ հաստատել, որ այդ ինստիտուտի առջեւ չկա եւ չի կարող լինել որեւէ քաղաքական խոչընդոտ իր գործառույթների կատարման ճանապարհին»,- հավաստիացրել է Միրզոյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի Ազգային ժողովը եղել եւ շարունակելու է մնալ այդ ինստիտուտի երաշխավորը։