«ԱՐՄԵՆԱԼ» գործարանում արտադրության նշանակալի աճ է գրանցվել: Մասնավորապես հունիս ամսին գործարանն արտադրել է շուրջ 2,5 հազար տոննա փայլաթիթեղ, ինչը 12%-ով ավելին է, քան նախագծային ցուցանիշը: Ընդհանուր առմամբ տարեսկզբից գործարանը թողարկել է ավելի քան 10 հազար տոննա արտադրանք:
2009 թ. հունվար-հունիս ամիսներին գործարանային արտադրանքի թողարկման ծավալը 77%-ով գերազանցել է 2008թ.առաջին կիսամյակի ցուցանիշը, իսկ ընթացիկ տարվա արդյունքներով նախատեսվում է հասնել ծավալների կրկնակի ավելացման: Դրանից զատ, «ԱՐՄԵՆԱԼ»-ում արտադրանքի ինքնարժեքն իջել է 60%-ով, իսկ արտադրական խոտանը հասցվել է նվազագույնի:
Գործարանի գլխավոր տնօրեն Սերգեյ Բորովիկի խոսքով, «ԱՐՄԵՆԱԼ-ը հաջողության է հասել հումքի և նյութերի ծախսման նորմաների իջեցման, տեխնոլոգիական կարգապահության խստացման, օպտիմիզացիայի համալիր ծրագրի ներդրման, ծախսերի կրճատման և պետքական թողարկման գործակցի (ՊԹԳ) բարձրացման շնորհիվ: Ընդամենը մեկ տարվա ընթացքում ՊԹԳ-ն աճել է ավելի քան 2 անգամ` հասնելով մինչև 72,4 %-ի: Դրա հետ մեկտեղ մենք պատրաստ ենք հասցնել արդյունավետության այդ կարևոր ցուցանիշը մինչև 75%-ի»: Ներկայումս գործարանն ապահովված է պատվերներով մինչև տարեվերջ: Ձեռնարկության արտադրանքն արտահանվում է հիմնականում ԱՄՆ, ակտիվորեն ընթանում է Մերձավոր Արևելքի շուկաների իրացումը:
Հիշեցնենք, որ ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: Այն Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողն է եւ մտել է աշխարհում ալյումինի և կավահողի խոշորագույն արտադրող «ՌՈՒՍԱԼ» միավորված ընկերության կազմի մեջ 2000 թվականին:


























