Շատ երկրներում մարդիկ արդեն հոգնել են կարանտինային միջոցառումներից եւ տանը մնալու անհրաժեշտությունից: Բոլորին հետաքրքրում է, թե երբ կհանվեն ազատ տեղաշարժի սահմանափակումները, բայց առայժմ հստակ պատասխաններ չկան: Սինգապուրի տեխնոլոգիաների ու դիզայնի համալսարանի եւ Data-Driven Development լաբորատորիայի մի խումբ գիտնականներ՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Ցզյանսի Լուոի գլխավորությամբ, փորձել են մաթեմատիկական մոդելների հիման վրա մի փոքր ավելի շատ հստակություն մտցնել, հայտնում է Naked-Science- ը:

Հավաքելով տարբեր նահանգներում հիվանդությունների նոր գրանցված դեպքերի վերաբերյալ տվյալները՝ հետազոտողները կազմել են տեսողական կանխատեսման կորեր, որոնք ցույց են տալիս, թե երբ համավարակի ալիքը կարող է ավարտվել տվյալ երկրում: Նրանք հրապարակել են այդ գրաֆիկները հատուկ կայքում:

Կանխատեսումներ անելու համար օգտագործվել է, այսպես կոչված, SIR մոդելը (Susceptible-Infected-Recovered): Այն հաշվի է առնում որոշակի ժամանակահատվածում խոցելի, վարակված եւ արդեն հիվանդ անհատներին, ինչպես նաեւ մարդկանց միջեւ շփումների ինտենսիվությունը:

Այժմ կայքում կարելի է տեսնել կանխատեսումներ 87 երկրների համար: Գրաֆիկները թարմացվում եւ ճշգրտվում են Covid-19-ի դեպքերի քանակի վերաբերյալ վերջին վիճակագրության համաձայն: Աշխատանքի հեղինակների տեսական հաշվարկները ներկայացված են նույն կայքում հրապարակված հոդվածում:

Եթե հավատանք կայքի տվյալներին, ապա ապրիլի 27-ի դրությամբ կանխատեսող կորերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում 99% հավանականությամբ համաճարակը կմարի մինչեւ մայիսի 28-ը, իսկ 100%հավանականությամբ՝ մինչեւ սեպտեմբերի 9-ը: Բելառուսի համար 99%-անոց կանխատեսումը ենթադրում է, որ երկրում համաճարակը կավարտվի մինչեւ մայիսի 28-ը: Իսկ ամբողջ աշխարհում համավարակի ավարտի «երկաթե» ժամկետ է նշվել նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը:

Հայաստանի համար հաշվարկներ նյութի հրապարակման պահին չեն եղել: Սակայն հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում, եթե հավատանք հաշվարկներին, համաճարակը կավարտվի մինչեւ հուլիսի 27-ը եւ հունիսի 15-ը՝ համապատասխանաբար:

Կայքի հեղինակները գրաֆիկներն ուղեկցել են հաղորդագրությամբ, որում նշվում է, որ տվյալները նախատեսված են կրթական եւ հետազոտական նպատակների համար եւ կարող են սխալ լինել: Բացի այդ, կանխատեսման մեթոդիկան լիովին չի համապատասխանում «տարբեր երկրների բարդ, զարգացող եւ տարասեռ իրողություններին»։ Ակնհայտ է, որ այստեղ գիտնականները նկատի ունեն մարդկային գործոնը, օրինակ`որքան ուշադիր մարդիկ իրենց կպահեն փողոցներում, երբ կառավարությունները հայտարարեն կարանտինի առաջին մեղմացումների մասին: