Ոստիկանության Բաղրամյանի քննչական բաժանմունքում, այսօր` մայիսի 3-ին քննիչի որոշմամբ, բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ ազատ է արձակվել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակչուհի 35-ամյա Էմմա Սադոյանը, ով բերման էր ենթարկվել գողության կասկածանքով:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էմմա Սադոյանին ապրիլի 30-ին ուշ երեկոյան ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները հայտնաբերել էին Արմավիրի մարզում:
Քննությամբ պարզվել է, որ ապրիլի 25-ին Է. Սադոյանը, ով շուրջ երեք տարի աշխատել է Հացիկ գյուղի անասնապահությամբ զբաղվող բնակիչներից մեկի մոտ, ապրել նրա առանձնատանը, օգտվելով տան տիկնոջ անուշադրությունից, նրա խալաթի գրպանից հանել էր առանձնատանը կից ավտոտնակում գտնվող երկաթյա պահարանի բանալին, բացել այն եւ այնտեղից գողացել 420 հազար դրամ:
Խուզարկությամբ, իրավապահները Էմմայի մոտ հայտնաբերել են 185 հազար դրամը:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Բաղրամյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ գողության հատկանիշներով:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























