Զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացնող օրինագծի ընդունումը այն ժամանակ ողջունելի կլիներ, եթե Հայաստանն ունենար անկախ դատարաններ։ Այս մասին մայիսի 3-ին` Մամուլի ազատության համաշխարհային օրը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Նա նշեց, որ օրենքն այսօր չի աշխատում, եւ թերթերին տանում է սնանկացման։
«Անցած 15 տարիների ընթացքում միայն մեկ թերթ էր գնացել սնանկացման` դա «Լրագիրն» էր` «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Մանուշակ Պետրոսյանի կողմից ներկայացված հայցի արդյունքում»,- ասաց Ավետիքյանը։ Ըստ նրա՝ շատ լավ կլիներ, որ Քոչարյանների ընտանիքը, որը միանգամից երկու թերթի` «Ժամանակ»-ի եւ «Հրապարակ»-ի դեմ դատական հայցեր է ներկայացրել, որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջեր խորհրդանշական 1 դրամ, ինչը զարգացած շատ երկրներում է կիրառվում։ Այպիսով հայցվորը ցույց է տալիս, որ իր համար կարեւորը ճշմարտությունը հրապարակելն է, այլ ոչ թե իր մասին բան գրած լրատվամիջոցին ոչնչացնելը: Խմբագրի խոսքով՝ այսօր հայաստանյան թերթերի վիճակը շատ խղճուկ է։ «Մեր թերթերի մեծ մասը ստեղծվել են տկար ֆինանսական հիմքի վրա»,-նշեց Ավետիքյանը` հավելելով, որ թերթերի մեծ մասը հիմնադրվելիս ավելի քիչ նախնական ֆինանսական կապիտալ են ներդրել, քան «փողոցային ցանկացած բուդկա»։
Ասուլիսի ընթացքում խոսվեց նաեւ լրատվամիջոցների նախընտրելի լինելու խնդրից:
Ըստ «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի`ընթերցողներից ժամանակակիցներն ընթերցում են ինտերնետային մամուլ, զարգացած խավը` թերթեր, իսկ մնացած մասը` հեռուստատեսություն: Նրա խոսքով` Ինտերնետային լրատվամիջոցները գնալով զարգանալու են, ինչը, բնականաբար, իջեցնելու է տպագիր մամուլի պահանջարկը:
Սակայն, ըստ Աբրահամյանի, ընթերցողը կզգա իսկական պրոֆեսիոնալիզմի կարիք: «Ազգ»-ի խմբագիրն էլ նշեց, որ թեեւ լրատվամիջոցների դեմ ներկայացված դատական հայցերի 95 տոկոսը բաժին է ընկնում տպագիր մամուլին, սակայն թերթերն ինտերնետային տարբերակի նկատմամբ ունեն առավելություն: «Թերթն ավելի պատասխանտու է, այստեղ պատահականությունն ավելի քիչ է, քան ինտերնետայինը»,-նշեց նա: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանն էլ նշեց, որ ՀՀ-ում հեռուստաընկերություններն ավելի կաշկանդված են: Հարցին, թե ո՞ր լրատվամիջոցների լրագրողների կյանքն է վտանգված` թերթերի, ինտերնետային կայքերի, թե՞ հեռուստալրագրողների, Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կյանքն է վտանգված»:





























