Սասուն Միքայելյանը կրել է իր պատիժը եւ հնարավոր է, որ առողջական վիճակի պատճառով ժամկետից շուտ ազատ արձակվի։ Մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը։
«Կոալիցիայի նման որոշումն, իհարկե, պայմանավորված է նրա առողջական վիճակով»,- շեշտեց պատգամավորը։
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչո՞վ կբացատրի իշխանության՝ հանկարծակի ի հայտ եկած հանդուրժողականությունը, երբ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին թույլ տրվեց տեսակցել քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի, իսկ այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի հետ, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Նա երեկ է Սասուն Միքայելյանին հանդիպելու ցանկություն հայտնել: Եթե նման ցանկություն ավելի վաղ հայտներ, գուցե հանդիպումն ավելի շուտ կայանար»:
Ամփոփելով՝ Կարեն Ավագյանն իր պարտքը համարեց ուղղել լրագրողներին՝ ասելով, որ «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, որքան էլ դրա մասին խոսվում է»։ Նրա համոզմամբ, մարտի 1-ի գործով բանտարկյալները անազատության մեջ են «համապատասխան հոդվածներով»։
Նշենք, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն երեկ` մայիսի 4-ին այցելել էր Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հիվանդանոց եւ մեկ ժամ տեւողությամբ տեսակցություն ունեցել քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վաղը Լեւոն Տեր-Պետրոսյանը կայցելի նաեւ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում ՀԱԿ-ի առաջնորդը վստահություն էր հայտնել, որ մինչեւ հաջորդ` մայիսի 31-ի հանրահավաքը ազատ արձակված կլինեն Սասուն Միքայելյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ովքեր Ազատության հրապարակում կողջունեն ժողովրդին:





























