Ենթակառուցվածքային ծրագրերին զուգընթաց «Հայաստան» համահայկական հիմնադրամը կրթական երկու ծրագիր է իրականացրել Վանաձորում։ NEWS.am-ին այս մասին հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից։

Ըստ այդմ, 131 սան ունեցող թիվ 30 մանկապարտեզին տրամադրվել է կահույք, հանգստի ու ժամանցի պարագաներ: Բարեկարգվել է խաղահրապարակը, որտեղ տեղադրվել է տաղավար եւ անհրաժեշտ սպորտային գույք:

Երկրորդ ծրագիրն իրականացվել է Վանաձորի մանկատանը, որտեղ համակարգչային դասասենյակ է հիմնվել: Տրամադրվել  է համակարգչային տեխնիկա, այդ թվում` վերջին սերնդի տասը համակարգիչ, UPS, բազմաֆունկցիոնալ սարք (տպիչ, սքաներ, պատճենահանող սարք)։

«Ինստիգեյթ» ճարտարագիտական կենտրոնը պարտավորվել է մանկատան սաների համար տեղում անցկացնել անվճար համակարգչային դասընթացներ, ինչպես նաեւ վերապատրաստել համապատասխան մասնագետի, ով հետագայում կդասավանդի երեխաներին:

Համակարգչային սենյակի ստեղծումը հիմնադրամի երկրորդ ծրագիրն է այս հաստատությունում։ Անցյալ տարի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի նախաձեռնությամբ վերանորոգվել էին մանկատան 10 սանհանգույցները: