Քիչ առաջ Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչի ուղեկցությամբ Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան է տեղափոխվել 18-ամյա Ազատ Հովհաննիսյանը, ով կասկածվում է կողոպուտ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին էր դիմել մի քաղաքացի եւ հայտնել, որ մայիսի 1-ին ժամը 23:30-ի սահմաններում, Մովսես Խորենացի եւ Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում Մանկական զբոսայգում մոտ, Ազատ անունով մի երիտասարդ իրենից խնդրել է «Նոկիա» բջջային հեռախոսը` զանգահարելու պատրվակով եւ դիմել փախուստի:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները հաջորդ օրը օպերատիվ տվյալներն իրացնելիս կողոպուտ կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել 18-ամյա Ազատ Հովհաննիսյանին:

Քիիչը միջնորդում է դատարանին, որպեսզի նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանքը:

Ոստիկանությունում կան լուրջ կասկածներ, որ Ազատ Հովհաննիսյանը, հնարավոր է, նախկինում եւս նման հանցագործություններ կատարած լինի:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի