Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները երկու երիտասարդների են բերել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ինչպես NEWS.am-ին դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդները Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի եղբոր որդիներն են: Կենտրոնականի քննչական բաժնում նրանց նկատմամբ հարուցվել է քրգործ խուլիգանության հատկանիշներով:
Դատական նիստը դռնփակ է եղել` դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ: Դատարանը որոշել է նրանց նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառել:
Ի դեպ, դատարանի շենքում, երբ ֆոտոլրագրողը փորձում էր նկարահանումներ իրականացնել, դատական կարգադրիչները` ստորաբաժանման ղեկավար Արթուր Փիլոսյանի եւ նրա տեղակալ Ռաֆայել Ստեփանյանի գլխավորությամբ խոչընդոտում էին, իսկ Ստեփանյանը փորձում էր խլել ֆոտոխցիկը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 7-ին Հյուսիսային պողոտայում գտնվող «Այսբերգ» բար-սրճարանում միջադեպ է տեղի ունեցել, որին մասնակցություն են ունեցել նաեւ Շիրակի Մարզպետ ԱՇոտ Գիզիրյանի եղբոր որդիները: Այս առնչությամբ, Աշոտ Գիզիրյանը տեղի ունեցածը «մանր խուլիգանություն» է որակել: «Այն ինչպես ներկայացվել է` կրակոցներ, վիրավորներ, նման բան չկա: Դա իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Շիրակի մարզպետը, հավելելով. «Ցանկացած մարդ, կապ չունի, թե դա Գիզիրյանի եղբոր տղան է, թե սովորական քաղաքացի, պետք է իր արարքի համար պատասխան տա»:



Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























