Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 66-րդ եւ Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձերին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել Սփյուռքի տարբեր համայնքներում:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մայիսի 8-ին Աթենքում տեղի է ունեցել Հունաստանի ազատագրման համար զոհված խորհրդային զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողություն, որին մասնակցել են Աթենքում հավատարմագրված` ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, ռազմական կցորդներ, միջազգային կազմակերպությունների, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Արգենտինայում մայիսի 8-ին Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Բուենոս Այրեսում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում տրվել է սուրբ պատարագ եւ կատարվել հոգեհանգստի արարողություն: Այնուհետեւ տաճարի բակում գտնվող` Արցախի հերոսներին նվիրված հուշարձանի մոտ կայացել է հանդիսություն, որի ընթացքում հավաքվածներին է դիմել Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: Հայաստանի դեսպանն ու արգենտինահայ կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Արցախի հերոսների հուշարձանի մոտ:
Մայիսի 9-ին Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում կազմակերպված միջոցառումներին մասնակցել են Հաագայում հավատարմագրված ԱՊՀ բոլոր երկրների դեսպանությունները, Ամերսֆորտի եւ Լյուսդենի քաղաքապետերը, պաշտոնյաներ, պատերազմի վետերաններ, ազգային համայնքների ներկայացուցիչներ:




























