Հայաստանի առաջիկա ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ-ն մեծաքանակ դիտորդական խումբ կուղարկի: Այս մասին այսօր` մայիսի 10-ին Հայաստանի ԱԺ-ում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուին` «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընտրական համակարգի խնդիրներին անդրադառնալով, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա  Սաֆարյանը կարեւորել է ԵԱՀԿ-ի ու նրա Խորհրդարանական վեհաժողովի դերակատարումը 2012 եւ 2013թ.թ. ընտրությունների ժողովրդավարական ընթացքն ապահովելու առումով: Տարակուսանք հայտնելով նախկին ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելությունների տված երկիմաստ զեկույցների ու գնահատականների կապակցությամբ` նա հույս է հայտնել, որ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու առումով Հայաստանին հղվող ուղերձներն առաջիկայում կլինեն հստակ, իսկ գնահատման չափանիշներն էլ` բարձր:

«Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանն իր հերթին խոսել է դատական համակարգի արատների ու անկատարության մասին եւ, իբրեւ դրա ամենթարմ օրինակ, վկայակոչել Տիգրան Փոստանջյանի դեմ պատվիրված գործը, երբ կոռուպցիայի աղաղակող փաստերն անտեսող իշխանությունը շինծու գործերով քրեական հետապնդում է իրականացնում ակտիվ քաղաքական գործչի` Զարուհի Փոստանջյանի եղբոր դեմ` նրան լռեցնելու եւ կաշկանդելու նպատակով:

ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը մասնավորապես անդրադառնալով ընտրական օրենսգրքի փոփոխություններին,  վկայակոչել է ընտրողների ստորագրությամբ ցուցակների հրապարակման, ընտրական հանձնաժողովներն ընդդիմության ու իշխանության հավասար ներկայացվածությամբ կազմավորելու ՀՅԴ-ի ու «Ժառանգության» առաջարկները:

ԵԱՀԿ ԽՎ նախագահողը նշել է, որ, ԵԱՀԿ շարունակելու է ակտիվ աջակցություն ցուցաբերել անդամ երկրների ժողովրդավարացման, մարդու իրավունքների եւ ԶԼՄ-ների ազատության ապահովման, դատական ու արդարադատության համակագերի բարեփոխման, լավ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, ընտրությունների դիտարկման եւ այլ հարցերում: