Փարիզում մայիսի 6-ին տեղի է ունեցել Արցախյան ազատամարտի հայաստանցի եւ սփյուռքահայ մասնակիցներին հուշամեդալների հանձնման արարողություն:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, «Սոսե Մայրիկ» ջոկատի նախկին հրամանատար Հայկ Հարությունյանը Արցախյան պատերազմի ֆրանսաբնակ վեց մասնակիցներին պարգեւատրել է կազմակերպության հիմնած «Ազատամարտիկ» հուշամեդալով: Մի քանիսն էլ պարգեւատրվել ենն «Ազատամարտիկ» ՀԿ-ի պատվոգրերով: Ցուցադրվել է կազմակերպության գործունեության մասին պատմող փաստագրական ֆիլմ:

Երեկոյան նույն վայրում տեղի է ունեցել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի «Ի խույզ Արեւմտյան Հայաստանի եւ Հայկական Կիլիկիայի» թեմայով դասախոսությունը:

Մայիսի 7-ին Փարիզի մերձակայքում գտնվող Սեւր քաղաքում տեղակայված Մխիթարյան միաբանությանը պատկանող Սամուել-Մուրադ վարժարանի մշակութային կենտրոնում բացվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի գեղանկարչական գործերի ցուցահանդեսը: Միջոցառումը նվիրված էր վարժարանի հիմնադրման 175 եւ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարելիցներին:

Մայիսի 9-ին Փարիզի մերձակայքում գտնվող Կլամար քաղաքի Ժան Արպի անվան թատրոնում տեղի է ունեցել  1960 թ. ի վեր Փարիզում լույս տեսնող «Աշխարհ» պարբերականին ի օժանդակություն կազմակերպված բարեգործական գալա-համերգը: Համերգային ծրագրով հանդես եկան Ֆրանսիայում գործող «Անի» եւ «Նոր ալիք» պարային համույթները: Միջոցառման տոմսերի վաճառքից եւ այլ հանգանակություններից ստացված ողջ հասույթը կտրամադրվի ֆինանսական դժվարությունների առաջ հայտնված «Աշխարհ» երկշաբաթաթերթի կարիքներին: