Գյումրիում այսօր` մայիսի 11-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեք անձ, երկուսը դիմակավորված, մեկը` ոստիկանության մայորի համազգեստով, խաբեւթյամբ ներս են մտել Գյումրի քաղաքի Թբիլիսյան Սիմաֆոր 27 շենքի թիվ 10 բնակարան եւ փորձել ավազակային հարձակում կատարել: Այդ պահին տանը եղել են ընտանիքի անդամները`Վանուշ Ասլիկյանը, նրա կինն ու որդին:
Ավազակները, դիմադրության հանդիպելով, դիմել են փախուստի: Մայորի համազգեստով անձի ձեռքին եղել է ավտոմատ: Ասլիկյանի հարեւանները ֆոտոլրագրողին հայտնել են, որ տուժողը զբաղվում է ոսկու առեւտրով:
Ոստիկանության քննչական վարչության Շիրակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 175 հոդվածի 2-ին մասի 1-ին եւ 4-րդ կետերով (Ավազակություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի զենք կրելը) հատկանիշներով:
Նշված բնակարանում քննչական-փորձարարական աշխատանքներ են կատարել քննիչը, փորձագետն ու քրեագետը: Կազմվել է ավազակ «մայորի» ֆոտոռոբոտը: Նշվել է, որ նա խոսել է ոչ թե Գյումրիի, այլ Լոռու բարբառով:




























