Հայաստանի չափագիտության, ստանդարտացման եւ սերտիֆիկացման համակարգում տեղի կունենան լուրջ կառուցվածքային եւ կադրային փոփոխություններ։ Այսօր՝ մայիսի 11-ին նման հայտարարություն արեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ նախարարության Հավատարմագրման գործակալության, Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության, Չափագիտության ազգային ինստիտուտի եւ Ստանդարտների ազգային ինստիտուտի աշխատակազմերի հետ հանդիպման ժամանակ։ Ի դեպ, հանդիպումն անցավ կիսադատարկ դահլիճում, թեեւ այդ համակարգում մոտ 350 մարդ է աշխատում։ Էկոնոմիկայի նախարարի դիտողությանն այդ ստորաբաժանումների ղեկավարները պատասխանեցին, որ աշխատակիցների մի մասը գտնվում է մարզերում։
Նախարարը համակարգից պահանջեց արմատապես վերանայել աշխատաոճը, եւ «խոստացավ» լուրջ փոփոխություններ։ Նա հիշեցրեց, որ կառավարությունը վաղուց է ընդունել չափագիտության եւ ստանդարտացման համակարգի բարեփոխման ծրագիրը, սակայն իրական բարեփոխումներ չեն կատարվում։ «Մեզ մոտ շատ լավ է ստացվում՝ օրենքները փոփոխել, բայց չկատարել»,- հայտարարեց էկոնոմիկայի նախարարը։ Նա նաեւ հիշեցրեց, որ Հայաստանը միջազգային պարտավորություններ ունի համակարգի բարեփոխման ուղղությամբ, ու դրանք պետք է անպայման իրականացնել։
NEWS.am-ի հարցին՝ թե նախարարը կոնկրետ ինչի՞ց է դժգոհ, Տ. Դավթյանն ասաց, որ առկա են կոռուպցիոն ռիսկեր, ու կառավարությունը ցանկանում է այդ ռիսկերը ոչ թե նվազեցնել, այլ ընդհանրապես բացառել, ինչը շատ կարեւոր է գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից։




























