Արդեն 10 օր է կենսաթոշակների վճարումները Գյումրիում ուշանում են, իսկ Գյումրիի սոցիալական ապահովության տարածքային բաժնում հերթեր են:
Կենսաթոշակները վճարելու գործընթացը կարգավորելու մասին կառավարության համապատասխան որոշման համաձայն, կենսաթոշակ ստանալու համար տարեցները պարտավոր են սոցիալական ծառայություն ներկայացնել անձնագրի եւ սոցիալական քարտի պատճեննները, իսկ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետ սահմանված է մայիսի 16-ը: «Սոցապ»-ից թոշակառուներին ասել են, որ «մինչ այդ ժամկետը փաստաթղթերը չներկայացնելու դեպքում մայիս ամսվա կենսաթոշակից կզրկվեք»:
Կառավարության 2011 թվականի մարտի 24-ի՝ «Կենսաթոշակները վճարելու գործընթացը կանոնակարգելու մասին» 283 որոշման համաձայն, հարկավոր է «նոր տեղեկատվական կենտրոնի արդյունքները համադրել նախկինում եղած տվյալների հետ, եւ հայտնաբերել բոլոր անճշտությունները: Գործընթացի առաջին փուլն արդեն ավարտված է, արդյունքում 2000 թոշակառուի փաստաթղթեր են ուղղվել: Իսկ հայտնաբերված անճշտությունների վերաբերյալ սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի տեղակալ Սամվել Մկրտչյանի փոխանցմամբ, «հիմնական անճշտություններ են եղել անուն-ազգանուններում եւ լուրջ անճշտություններ ու թերություններ չեն բացահայտվել»: Իսկ թոշակառուները կարծում են, որ «այս ամենն արվում է տարեցների համար հերթական դժվարությունները ստեղծելու հաշվին»:




























