«ՉԻ»-ն գրում է. «Երկու օր է` խմբագրությունն ահազանգեր է ստանում թոշակառուներից: Եւ Երեւանից, եւ այլ բնակավայրերից մարդիկ բողոքում են, որ ամիսն արդեն կիսվում է, իսկ իրենք դեռ թոշակ չեն ստացել: Երեւանի Կենտրոն համայնքից թերթին են զանգահարել տարեց կանայք եւ դժգոհել  Մաշտոցի պողոտայում գտնվող բանկի աշխատանքից: «Ամեն անգամ նույն բանն է, մեր փողը չեն տալիս, իսկ մեզանից շատերը դրա հույսին են: Պարզ չէ՞, որ էդ փողերը շրջանառության մեջ են դրել, իրանց օգուտը կհանեն, նոր մեզ կտան: Մի օրում էլ ահագին գումար կաշխատեն, եթե հաշվենք, թե խոսքը ինչ գումարների մասին է: Իսկ մենակ, աղքատ մարդը ի՞նչ անի. գնա, խանութից հա՞ց գողանա», -ասել են զանգահարած տարեց մադրիկ:

Թերթին են դիմել նաեւ մի խումբ թոշակառուներ Կոտայքի մարզից եւ դժգոհել թոշակների ուշացման մասին: «Մարդ չի հասկանում` ինչ են եղել թոշակների փողերը: Կամ թող մի ձեւ գտնեն, ասեն, որ սրանից հետո թոշակները տալու են ամսվա կեսին, ոչ թե տանեն-բերեն»,-բողոքել են Նաիրիի տարածաշրջանի թոշակառուները: Իսկ Տավուշի մարզից զանգահարած թոշակառուները առաջարկել են` «համաձայն ենք, թող իրանց հազար դրամները վերցնեն, մենակ թե մեր փողը ժամանակին տան»: