«Առավոտ» օրաթերթի խմբագրականում կարդում ենք. «Մենք՝ հայերս, մի հետաքրքիր բնավորություն ունենք, կամ ինքներս մեզ այնպես ենք գովաբանում, կարծես հավատում ենք, որ բացառիկ ազգ ենք, ամենահինը, ամենամշակութայինը եւ այլն։ Կամ էլ այնպիսի ինքնախարազանումներով ենք զբաղվում, որ նման դատողություններին հավատալուց հետո մնում է միայն փոխել ազգությունը։ Ընդ որում, նույն մարդը կամ մարդկանց խումբը, կախված հանգամանքներից, կարող է մեկ-երկու օրվա տարբերությամբ հնչեցնել այդ երկու ծայրահեղացված գնահատականները։

Օրինակ՝ կարող է պնդել, որ «Եվրատեսիլում» մեր երգիչների 6-րդ կամ 7-րդ տեղը մեր Ավարայրն էր ու Սարդարապատը, եւ հակառակը՝ Էմմիի եզրափակիչ չանցնելը այնպիսի մի ազգային ողբերգություն է, որ այն կարելի է փոխհատուցել կոլեկտիվ ինքնահրկիզմամբ։ Այնինչ ոչ մեկը, ոչ մյուսը չեն խոսում ոչ երգիչների վարպետության, ոչ էլ երգի որակի մասին, շատ-շատ՝ ներդրված գումարների եւ լոբբիստական աշխատանքի արդյունավետության վկայությունն են: Ոչ լոպազությունը, ոչ էլ չափազանցված ինքնանվաստացումը երբեք գործին օգուտ չեն բերել: Բուռն ոգեւորությունից անցումը խորը հիասթափության, ստացած հարվածներից հետո չափից դուրս երկարատեւ ռեաբիլիտացիան իրենց տեղը պետք է զիջեն ամենօրյա, մեթոդիկ աշխատանքին, որը կարող է երբեմն անհետաքրքիր եւ տաղտկալի թվալ: Բոլոր դեպքերում, եթե որեւէ կողմի, այնուամենայնիվ, անհրաժեշտ է հակվել, ապա դա «պոզիտիվ» նժարն է:

Համեմատեք ցանկացած հայկական սերիալ, որտեղ հերոսների մեծ մասը առավոտվանից մինչեւ գիշեր տապակվում է ինչ-որ դարդերի մեջ, ցանկացած ամերիկյան կոմերցիոն ֆիլմի հետ, որտեղ ֆիլմի վերջնամասում ծեծված-ջարդված կիսասպանված հերոսին մոտենում է հերոսուհին եւ հարցնում «Are you OK?»: Պատահակա՞ն է: Կարծում եմ` ոչ, նպատակաուղղված քարոզչություն է»: