Հերթական խորհրդարանական ընտրություններին Հայաստանում մնացել է ուղիղ մեկ տարի, սակայն որոշ ընդդիմադիր ուժեր շարունակում են պահանջել խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Քաղաքական ճամբարների աղմկոտ դիմակայության ստվերում մնաց արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջի սահմանադրականությունը: 2005թ. բարեփոխած Սահմանադրությունը զգալիորեն սահմանափակել է խորհրդարանը ցրելու նախագահի հնարավորությունը: Սահմանադրության 74.1 հոդվածում նշված են այն բացառիկ դեպքերը, որոնք իրավունք են տալիս նախագահին արձակել Ազգային ժողովը եւ նշանակել արտահերթ ընտրություններ:
Սահմանադրության 74.1 հոդվածի պարզաբանման խնդրանքով NEWS.am-ը դիմել է Սահմանադրական դատարանի Իրավական խորհրդատվական ծառայության (վարչություն) ղեկավար Լիանա Հակոբյանին:
«Ազգային ժողովը կարող է արձակվել միայն այդ դեպքերում, երբ ներքին ճգնաժամի հետեւանքով ի վիճակի չէ ապահովել իր գործունեությունը: 74.1 հոդվածում նշված հիմքերը վերաբերում են հենց ԱԺ-ի գործունեությանը: Առաջին կետը պարտադրում է նախագահին արձակել խորհրդարանը, եթե ԱԺ-ն երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ: Այլ իրավիճակ է 74.1 հոդվածի երկրորդ կետի դեպքում (հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում): Այս դեպքում նախագահը կարող է արձակել խորհրդարանը խոսնակի կամ վարչապետի առաջարկով: Եթե այդպիսի առաջարկներ արվում են, ապա դրանց ընդունումը կախված է նախագահի հայեցողությունից: Ընդհանուր առմամբ, եթե համեմատենք 1995թ. Սահմանադրության եւ գործող Սահմանադրության 74.1 հոդվածները, ապա կարելի է նշել, որ խորհրդարանն արձակելու նախագահի լիազորությունները զգալիորեն կրճատվել են: Այդ սահմանափակումները դրսեւորվել են հստակ հիմքերի շարադրմամբ: Գործող Սահմանադրությամբ, խորհրդարանը ստացել է ավելի շատ երաշխիքներ` ամրապնդելով դիրքերը», - պարզաբանեց Սահմանադրական դատարանի Իրավական խորհրդատվական ծառայության ղեկավար Լիանա Հակոբյանը:
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերն էլ լավ գիտեն Սահմանադրության դրույթները: Սակայան իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական գործիչները ոչ միշտ են ասում այն, ինչ մտածում են եւ գիտեն: Նրանք ասում են այն, ինչ պետք է ասեն:
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը դարձել է ընդդիմության քաղաքական կարգախոսը: Սակայն նրանք, հավանաբար, լավ չեն գիտակցում, որ խորհրդարանական ընտրությունները կլինեն ոչ թե արտահերթ, այլ` հերթական: Այդ իմաստով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը հանրահավաքներին կրիտիկական զանգված գրավելու միջոց է: Միեւնույն ժամանակ, եթե ընդդիմությունում խոսում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին եւ ասում, թե պատրաստվում են դրանց, դա դեռ չի նշանակում, որ նրանք իսկապես պատրաստվում են դրանց: Պարզապես, նրանք պետք է խոսեն այդ մասին: Հենց Սահմանադրությունում կան որոշակի սահամանափակումներ: Բացի այդ, կա եւ հիմնական քաղաքական գործոնը. այսօրվա իրավիճակում ոչ ոք իշխանությունում չի ուզում եւ չի գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եւ այդ հարցը ոչ ոք լուրջ չի քննարկում», - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նշենք, որ Հայաստանում ընդդիմությունը բազմիցս պահանջել է արտահերթ ընտրություններ: Սակայն, բացառությամբ 1998թ. փետրվարի նախագահական ընտրությունների, այդպիսի ընտրություններ Հայաստանում չեն եղել: Իսկ 1998-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր հրաժարական տալ «պալատական հեղաշրջման» արդյունքում: Այժմ, երբ Սահմանադրությունը զգալիորեն կրճատել է ԱԺ-ն արձակելու նախագահի լիազորությունները, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը դժվար իրագործելի է ոչ միայն քաղաքական, այլեւ սահմանադրական տեսանկյունից:





























