Մինչեւ մայիսի 28-ը ոչ միան Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը, այլ բոլոր քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 12-ին նման համոզմունք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նա նշեց, որ քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրը մշտապես եղել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, այդ թվում նաեւ ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համերբերգի, ով իր վերջին զեկույցում կրկին անդրադարձել է վերջիններիս ազատ արձակման խնդրին:

«Ուզում եմ ՍԴՀԿ-ի գոհունակությունը հայտնել Համերբերգի զեկույցի կապակցությամբ: Համերբերգը շատ հետեւողական է զբաղվել մարտի մեկի դեպքերի բացահայտմամբ: Նա մշտապես այցելել է ՔԿՀ-ներ, լավատեղյակ է այդ խնդիրներին եւ մշտապես վեր է հանել դրանք: Նա ազնվագույն գործիչ է: Նա ստիպել է ՀՀ իշխանություններին զբաղվել մարտի մեկի դեպքերի բացահայտմամբ` հրապարակելով կոշտ զեկույց: Սա լուրջ ազդակ է իշխանություններին` քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար»,-նշեց Սարգսյանը:

Ըստ նրա, բոլոր քաղբանտարկյալները մինչեւ իրենց պատժաչափի ժամկետի վերջին օրը կանցկացնեին բանտերում, եթե չլիներ ՀԱԿ-ի շուրջ համախմբված հասարակության հետեւողական պահանջը նրանց ազատ արձակելու վերաբերյալ: ՍԴՀԿ ատենապետի խոսքով` այդ պայքարի արդյունքում փոխվել է քաղաքական իրավիճակը, ինչն էլ ստիպել է իշխանություններին ընդառաջ գնալ ՀԱԿ-ի պահանջներին եւ զբաղվել մարտի 1-ի եւ մատիմեկյան զարգացումների խնդրով: