Երգչուհի Էմմիի եվրատեսիլյան ելույթը հակասական տրամադրություններ առաջացրեց երգարվեստի հետ սերտ եւ ոչ այնքան սերտ առնչություն ունեցողների մոտ: Հայկական բնավորության համաձայն, մրցույթով հետաքրքրվողները մի շարք պատճառաբանություններ բերեցին` արդարացնելու Հայաստանը ներկայացրած երգչուհու ձախողումը, փորձելով դրանով մխիթարել իրենք իրենց:: Եղան նաեւ Էմմիին խարազանող կարծիքներ, նույնիսկ կոռեկտության սահմաններն անցնող մեկնաբանություններ:

Երգչուհի, էքսցենտրիկ հայտարարություններով աչքի ընկնող Շուշան Պետրոսյանը բոլորից առաջ անցավ եւ Էմմին վատ ելույթի համար քննադատողներին «դավաճաններ» ու «թուրքեր» անվանեց` առաջարկելով հանգիստ թողնել նրան, քանի որ «22 տարեկան ջահել երեխա ա» (Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Էմմին վաղուց արդեն 27 տարեկան է): «Հայկական երգարվեստի պրիմադոննան» (այսպես են կոչել Շուշան Պետրոսյանին Facebook-ի քննարկումներից մեկում), ըստ սոցցանցերում այդ թեմայի շուրջ քննարկման մի մասնակցի, մոռացել է հիշատակել, որ «շնորհալիությունը ամենեւին էլ կապ չունի տարիքի հետ. տարիքն ընդամենը շնորհք է ավելացնում, եթե իհարկե այդ շնորհքից Աստված էն գլխից բաշխել է»:

Շտապենք նշել, որ ի դեմս «թուրքերի ու դավաճանների», Շուշան Պետրոսյանը պետք է պայքար մղի բազմահազար երաժշտասերների դեմ, ովքեր սոցիալական տարբեր ցանցերում, մեղմ ասած, սուր քննադատության են ենթարկել «ջահել երեխային»: persons.am կայքում, օրինակ, Էմմիի էջի տակ երաժշտասերները ծայրահեղ տարբեր կարծիքներ են հայտնել` ծավալելով ուշագրավ քննարկում:
NEWS.am-ը ներկայացնում է հատվածներ այդ քննարկումից:

Tigr-«Էմմին մինչեւ հասցրեց «բում-բում» անի, իրան «չակա-չակա» արեցին ու ուղարկեցին տուն»:
sedrak-«Բրավո, Եվա Ռիվաս»:
mane-«Բրավո, Ինգա եւ Անուշ»:

Sonul-«Անցյալ տարի ինտերնետը ողողված էր Ռիվասին ստորացնելու եւ փնովելու հոդվածներով, մոռացե՞լ եք: Իսկ մի՞թե Էմմին չէր մտածում, որ դրանից վատ վիճակում կարող է ինքը հայտնվել: Դե իհարկե, չէր մտածում»:  

Emma- «Եվան էլ էր խայտառակություն, իրոք խայտառակություն էր առաջին տեղ էր մարդը խոստանում: Անկեղծ, ինձ այսքան ժամանակ, միայն Ինգայի ու Անուշի ելույթն է դուր եկել, որ չնայած իրենց հուզմունքին, պատվով տակից դուրս եկան, չնայած որ վատ տեղ գրավեցին»:

marine-«Էմմին լավն ա, ու լավագույնն ա: Հերիք ա: Ես գնացի, արդեն զզվեցի բացատրելուց: Մեկ ա` չհասկացողը չի հասկանում»:

Boooom- «Էմմին շատ լավ երգեց ու բոլոր նախկին հայ մասնակիցներից  ամենալավն էր: Ուղղակի չասեմ ինչն էր պակասում......(money)»:

Aper-«Էմմին ու իրա մաման հասան իրենց նպատակին, մեր երկիրը հերթական անգամ խայտառակվեց Եվրոպայում` շնորհիվ իրանց ամբիցիաների: Ըտենց էլ պիտի լիներ»:

Emma-«Էմմին լավագույնը չի, ընդհանրապես, չկա այնպիսի մեկը հայկական շոու բիզնեսում, որ ասենք, լավագույնն է: ...Ժողովուրդ ջան, ախր ինչքան էլ վատը լինի, հայ ա, ե՞րբ եք սկսելու իրար հարգել եւ սիրել, կապ չունի, ամենավատն էլ լինի, մենք պետք է իրան աջակցենք, ոչ թե փնովենք»:

Ի դեպ, քննարկման մասնակիցները քննադատում են ոչ միայն Էմմիի կատարումը, այլ նաեւ նրա արտաքին տեսքը:
Sonul-ին դուր չեն եկել Էմմիի ոտքերն ու «կարճ յուբկան», իսկ Marine-ն էլ գրում է, թե. «Էլ բան չգտա՞ք: Էմմիին շատ է սազում կարճ յուբկա: Կարճ յուբկան պատճառ մի բռնեք»:

Ի դեպ, գրառումների հեղինակները նաեւ առաջարկներ ունեն:

Sona–ն, օրինակ, առաջարկում է. «Էս կառաջարկեի, որ հաջորդ տարի գնա «Շանթի» X-Factor մրցույթի այս տարվա հաղթողը: Այնտեղ 100 հազար անգամ ավելի լավ երգիչ-երգչուհիներ կան, քան հիմա մեր, այսպես կոչված, շոու բիզնեսի քիթները տնկած աղջիկները: Գոնե էդ պրոյեկտի էրեխեքը չեն աղտոտվել եւ ավելի համեստ են»:  

Ի դեպ, մրցույթից  հետո թեժ քննարկում է ընթանում նաեւ մեկ այլ հեղինակավոր` Facebook սոցիալական ցանցում: Քննարկման մասնակիցներից մեկն, օրինակ, Էմմիի պարտությունը համարում է «հայ ազգի բարոյական հաղթանակը, քանի որ թուրքերն էլ չանցած եզրափակիչ»: Նրա այդ եզրահանգմանը Facebook-ի տասնյակ այլ այցելուներ «յալք» են տալիս: Մեկ այլ այցելու էլ գրում է. «Ափսոսում եմ, որ Եվրատեսիլի նախկին մասնակիցներին Եվրոպան «չակա-չակա» չարեց... Ըստ իս, դրան արժանի էին բոլոր նախորդները, հատկապես Սիրուշոն իր անմխիթար ծկլթոցներով, Եվա Ռիվասը իր անիմաստ եւ հսկայական ցատկերով.... Էլ ո՞րն ասեմ»:

Պատրաստեց Ելենա Գեւորգյանը