Տեխզննման մասին օրենքի խստացումը կհանգեցնի տաքսի ծառայությունների կրճատմանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:

Նրա խոսքով՝ փոփոխությունն ինքնին կարելի է դրական համարել, սակայն տաքսիների մասով որոշումն անհասկանալի է, քանի որ «տաքսի» հասկացությունն օրենսդրության մեջ հստակ սահմանված չէ:

«Այսօր յուրաքանչյուրը կարող է այդ աշխատանքը կատարել, սակայն արդյո՞ք այդ գործունեությունը վերաբերում է տաքսի ծառայություններին: Նախ պետք է կարգավորել այդ հարցը, ապա անցնել տեխզննման մասին փոփոխություններին: Ինչ վերաբերում է մեքենաների տեխզննմանը, ապա Հայաստանում այն սկզբից կոռուպցիոն դրսեւորումներ ստացավ՝ չեկերը գնելու տեսքով»,-նշեց փորձագետը:

Սահակյանը պարզաբանեց, որ անհրաժեշտ է նախ լիցենզավորել ընկերոթունները, որոնք տաքսի ծառայություններ են մատուցում, ապա կարգավորել տեխզննման պրոցեդուրան:

1100 ընկերություններից թղթի վրա մնացել է գրեթե 130-ը, որոնց մեծ մասը պատկանում է մի մարդու, որն անօրինական գործունեություն է ծավալում: Այսօր Հայաստանում 50-60 հազար ավտոմեքենաներից, որոնք օգտագործվում են տաքսի ծառայություններ տրամադրելու նպատակով, լիցենզիա ունի միայն 5-6 հազարը, այն դեպքում, երբ ոլորտում շրջանառությունը կազմում է օրական 1,5 մլն դոլար: Այսօր լիցենզավորման հարցը երկրորդ պլան է մղվել ինչ-որ անհասկանալի օրինագծեր մտցնելու ֆոնին:

Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտները լիցենզավորելու կառավարության առաջարկներին, ապա փոփոխության կարիք չկա:

«Ոչ ոք մոնիթորինգ չի անցկանում՝պարզելու համար վթարների պատճառով վնասի կամ զոհերի վիճակագրությունը: Բալոնները պայթում են լցակայաններում, ինչը հանգեցնում է միայն նյութական վնասների, քանի որ վառելիք լցնելու ժամանակ ուղեւորները դուրս են գալիս մեքենայից»,-եզրափակեց նա:

Իսկ ահա բալոնները, որոնք պահպանվում են մասնավոր ավտոտնակներում, նրա խոսքով, գրեթե չեն պայթում՝ բացառությամբ դեպքերի, երբ մեթանը պահպանվում է, օրինակ, թթվածնային բալոնում: Այդ պատճառով, նրա խոսքով, այդ միջոցը անտեղի է մեր երկրի համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին կառավարությունը հավանություն տվեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին, որի համաձայն՝ տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում։ Թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավել ներառյալ 10 տարվա արտադրության թեթեւ մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ,  վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցներ՝ տարին մեկ անգամ, 10-ից ավել տարվա արտադրության դեպքում՝ 6 ամիսը մեկ անգամ։

 Մեկ այլ նախաձեռնությամբ՝ կառավարությանն առաջարկում է լիցենզավորել տնտեսվարող սուբյեկտները, որոնք զբաղվում են գազաբալոնային սարքավորումների տեղադրմամբ եւ տրանսպորտային միջոցներում բալոնների սերտիֆիկացմամբ: