Հարկային ուժեղ ճնշման պատճառով Հայաստանի տնտեսության 60% ստվերում է։ Այս մասին հուլիսի 8-ին NEWS.am-ին հայտնել է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
«Գյումրիում, Իջեւանում եւ Մեղրիում առեւտրի ազատ գոտիներ պետք է ստեղծվեն՝ մեղմացված հարկային ճնշմամբ»-ասաց Վազգեն Սաֆարյանը՝ նշելով, որ ֆինանսական ճգնաժամի հաղթահարման համար Հայաստանի կառավարությունը պետք է փոխի իր տնտեսական քաղաքականությունը։ Գործարարը մասնավորապես առաջարկեց փոխարինել անուղղակի հարկերը ուղղակիի։
Սաֆարյանը նաեւ անդրադարձավ կառավարության կողմից հարկային օրենսդրությունում կատարված փոփոխություններին, որոնք նախատեսում են հարկային ծառայության աշխատակիցների ներկայությունը 4 միլիարդ դրամից ավելի շրջանառություն ունեցող գործարաններում։
«Խորհրդարանում շատ են տնտեսվարողները, եւ եթե օրնագիծը հետ չվերադարձվեր կառավարություն ու դրվեր քվեարկության, այն չէր անցնի, քանի որ դա կհանգեցներ կառավարության ու խորհրդարանի հարաբերությունների սրմանը»- ասել է միության նախագահը։
Խոսելով միջազգային ֆինանասկան ճգնաժամի Հայաստանի վրա ազդեցության մասին՝ Սաֆարյանը նշել է, որ ճգնաժամի առաջին 4 ամսվա ընթացքում Հայաստանում ներքին համախառն արդյունքը կազմել է 5,9%, իսկ 5 ամսվա ընթացում 19,7 %, ինչն անհանգստանալու լուրջ տեղիք է տալիս։
Այս ցուցանիշը, նրա խոսքերով, հիմնված է շինարարության ոլորտում կատարվող ներդրումների կտրուկ անկմամբ։ « Կառավարության վերջին գործողությունները ուղղված հիպոթեկային շուկայի ակտիվացմանը, ինչ-որ աստիճանով շտկեցին իրավիճակը եւ դրա արդյունքում շինարարական շուկայում 2009 մայիսին՝ ապրիլի համեմատ գրանցվեց 80%, աճ»,-նշեց Սաֆարյանը։
Նա ընդգծեց, որ կառավարությունը լավ կանի հայ արտադրողներին ավելի շատ վարկեր տրամադրի, մանավանդ որ "ռուսական վարկն հնարավորություն է տալիս այն ծախսել ինչպես ուզում ես եւ ուր ուզում ես՝ ի տարբերություն Համաշխարհային բանկի կամ Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերի։


























