Լատվիայում Բելառուսի դեսպան Վասիլի Մարկովիչը կանչվել է Լատվիայի ԱԳՆ՝ կապված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարության հետ, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունները կառավարվում են Բալթյան երկրներից: Այս մասին հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կիրակի հանրահավաքի ժամանակ Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները կառավարվում են Բալթյան երկրներից, այդ թվում Լատվիայից»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ դեսպանը բացատրություն կտա այդ հայտարարության կապակցությամբ: Նա նաեւ նշել է, որ Լատվիայի ԱԳՆ-ը տեղեկություն ունի Բելառուսի ուժային կառույցների կողմից Լատվիայի երկու քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառման մասին:
Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններ են կայացել օգոստոսի 9-ին: Համաձայն ԿԸՀ վերջնական արդյունքների՝ 80,1%-ով հաղթանակ է տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սվետլանա Տիխանովսկայան, ում անվանել են Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը, հավաքել է ձայների 10,12%-ը եւ չի ճանաչել ընտրությունների արդյունքները: Գործող նախագահի վերընտրումից հետո երկրում զանգվածային բողոքի ալիք է բարձրացել, որոնք վերածվել են ոստիկանների հետ բախումների: Բելառուսի ՆԳՆ-ը հայտնել է մի քանի հազար մարդու ձերբակալության մասին, տուժել են ոստիկանության տասնյակ աշխատակիցներ եւ ցուցարարներ:




























