Իսրայելում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը հարցազրույց է տվել իսրայելական «Գլոբուս» պարբերականին, որի ժամանակ բացահայտել է դեպի ապագա երկու երկրների համատեղ ընթացքի իր տեսլականը։

Դեսպանն արձանագրել է, որ Հայաստանի եւ Իսրայելի միջեւ միջպետական հարաբերություններն իրենց ճանապարհի ամենասկզբում են։

«Բնականաբար, սա չի նշանակում, որ հայերն ու հրեաները հենց նոր են ծանոթացել։ Ամբողջ աշխարհում բնակվող հայերը գիտեն, որ հենց հրեա ազգի ներկայացուցիչներն են՝ դիվանագետներ, իրավաբաններ, գրողներ, առաջինը սահմանել Ցեղասպանություն հասկացությունը, իսկ այնուհետեւ հասցրել են ամբողջ աշխարհի, ամբողջ մարդկության  կողմից այդ ողբերգության իրական, հակաքաղաքակրթական եւ բարբարոսական էության լիարժեք ընկալմանը»,- նշել է նա։

Սրա հետ կապված Արմեն Սմբատյանը հատուկ նշել է ականավոր մարդասերների եւ մտավորականների անունները՝ Մորգենթաուի, Մանդելշտամի, Լեմկինի եւ Վերֆելի, որոնք ի բարօրություն հայ ժողովրդի իրենց գործունեությունն իրականացրել են հրեա ժողովրդի հոգեւոր առաջնորդների բարոյականության եւ էթիկայի լավագույն ավանդույթներով։

Դեսպանի խոսքով՝ Իսրայել պետության ներդաշնակ եւ հաջող զարգացման յոթ տասնամյակն, անկասկած, Հայաստանի Հանրապետության համար կարեւոր կողմնորոշիչ է։

«Ակնհայտ է նաեւ, որ երկրների միջեւ միջպետական հարաբերությունները զարգանալու են այն պատմական հունում եւ այն գործնական թրենդում, որոնցում հայ եւ հրեա ժողովուրդները գոյություն են ունեցել վերջին 2 հազար տարիներին, որի ընթացքում կարողացել են հասնել փոխադարձ հարգանքի բարձր մակարդակի, ինչպես նաեւ լիարժեք միջէթնիկական, կենցաղային եւ ուղղակի մարդկային հարաբերությունների»,- նշել է Արմեն Սմբատյանը։

Դեսպանն ընդգծել է, որ իրեն հարց է տվել, թե Հայաստանն ու Իսրայելը ինչից կարող են սկսել դեպի ապագա համատեղ ընթացքը, որն ընդգրկում է առաջին հերթին երկկողմ միջպետական հարաբերությունները։

«Եվ տեսա, որ մարդասիրական նախագծերին ու շփումների այլընտրանք չեմ տեսնում, որոնք շարժիչ ուժ են եւ կատալիզատոր 21-րդ դարում երկրների ու ժողովուրդների միջեւ կայուն, անշրջելի, արգասաբեր եւ բազմակողմանի համագործակցության նախաձեռնման ու ապահովման համար»,- նշել է նա։

Դեսպանի խոսքով՝ հուշարձանների տեղադրումն ու բացումը, համերգների եւ ցուցահանդեսների կազմակերպումը, մշակույթի եւ արվեստների թեմատիկ լսումների, գիտակրթական գիտաժողովների ու սեմինարների, պոեզիայի եւ երաժշտության երեկույթների անցկացումը հայ եւ իսրայելցի հանրության կողմից արժանի արձագանք եւ բարձր ճանաչում կստանան, անխորտակելի հիմք կծառայեն երկու երկրների հասարակական եւ պետական ​​գործունեության բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար:

«Ավելին՝ իրադարձությունների նման զարգացումը թույլ կտա մեր ժողովուրդներին հրատապ դարձնել փոխըմբռնումը, այն հասցնել ժամանակակից պահանջների մակարդակի, վերացնել համագործակցության ճանապարհին համատեղ գործունեության մեջ եղած տարընթերցումները, թույլ կտա ստեղծել թյուրըմբռնումները շտկելու եւ բացառելու մեխանիզմներ, որոնք, ցավոք, բնական են բոլոր մեծ գործողությունների եւ մտադրությունների սկզբնական փուլերում»,- շեշտել է Արմեն Սմբատյանը

Նա նշել է, որ Իսրայելում Հայաստանի դեսպանության բացումը հենց հիմա, այլ ոչ ավելի վաղ, հաստատում է բարդությունների առկայությունը, որոնք գոյություն են ունեցել անցյալում եւ հաղթահարվել են անկեղծ, հարգալից երկխոսության միջոցով։

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրաման էր ստորագրել Իսրայելում դեսպանի նշանակման մասին։