Կիպրոսը քննադատել է ԵՄ-ին՝ Թուրքիայի հետ հարաբերություններում անորոշության համար, որը հավասարազոր է «հաշտեցման քաղաքականությանը», հայտնում է Reuters-ը:

Կիպրոսի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Հունաստանը չկարողացավ ապահովել Եվրամիության մյուս երկրների կողմից պարտավորությունը՝ կապված Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման հետ՝ Կիպրոսի եւ Հունաստանի ափամերձ տարածքներում օֆշորային հետախուզման համար:

«Ցավոք, մենք տեսնում ենք Եվրամիության անորոշությունը՝ կապված էական դերակատարում ստանձնելու եւ զսպման քաղաքականություն որդեգրելու հարցում»,- լրագրողներին ասել է Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կիրիակոս Կուշիոսը:

Նրա խոսքերով՝ Նիկոսիան ողջունել է ԵՄ գործընկերների աջակցության արտահայտությունը, բայց դա բավարար չէ: «Հաշտեցման քաղաքականությունը եւ աջակցության մասին հաղորդագրությունները բավարար չեն, որպեսզի Թուրքիան հետ կանգնի իր ապօրինի գործողություններից»: Նա նշել է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է «ավելի ուժեղ» ներկայություն ունենալ արեւելյան Միջերկրական ծովում: