Իրանն ունի անհրաժեշտ փորձ եւ ենթակառուցվածք՝ երկրի աճող պաշտպանական հնարավորություններին համապատասխան ռազմավարական զենքի համակարգեր ստեղծելու համար, հայտնում է Mehr-ը:

«Պաշտպանության նախարարությունը կարող է այժմ ստեղծել ռազմավարական զենք՝ պայմանով, որ այն կստանա խորհրդարանի գերբյուջետային կարիքների հանձնաժողովի աջակցությունը»,- ասել է բրիգադային գեներալ Ամիր Խաթամին՝ Թեհրանում պաշտպանության նախարարության նվաճումների ցուցահանդեսում խորհրդարանի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով երկրում խաղաղության եւ անվտանգության ապահովման պաշտպանության նախարարության կենսական կարեւոր դերին՝ նախարարը նշել է, որ «խորհրդարանի աջակցությունը կարող է մեծապես նպաստել այդ նպատակների իրականացմանը»: «Պաշտպանության նախարարությունը խորհրդարանի աջակցությամբ պատրաստ է նաեւ ներդրում ունենալ ոչ ռազմական տնտեսության մեջ»,- հավելել է նա:

Խաթամին ընդգծել է, որ նախարարությանը ֆինանսական աջակցությունը կարող է ճանապարհ հարթել ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման համար եւ ամրապնդել երկրի ուժը նոր ձեւավորվող սպառնալիքների դեմ: