Չկա որեւէ ապացույց այն բանի, որ «Հըզբոլլահ»-ի ղեկավարությունը կամ Սիրիան մասնակից են Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությանը, որը տեղի է ունեցել 2005 թ.։ Այսպիսի եզրակացության են հանգել ՄԱԿ-ի տրիբունալի դատավորները, հայտնում է AP-ը:
Լիբանանի հարցով հատուկ դատարանի նախագահող դատավոր Դեւիդ Ռեն ասել է, որ իր մահից ամիսներ առաջ Հարիրին Սիրիայի եւ «Հըզբոլլահ»-ի ազդեցությունը Լիբանանում նվազեցնելու կողմնակից է եղել։ Ըստ նրա, դատավորները, ովքեր քննել են բազմաթիվ ապացույցներ «Հըզբոլլահ»-ի չորս անդամների դատավարության ընթացքում, որոնք մեղադրվում էին սպանության մեջ, «կարծում էին, որ Սիրիան եւ «Հըզբոլլահ»-ը կարող էին պարոն Հարիրիին եւ նրա քաղաքական դաշնակիցներին հեռացնելու դրդապատճառներ ունենալ»: Սակայն չկա ոչ մի ապացույց, որ «Հըզբոլլահ»-ի ղեկավարությունը ներգրավված է պարոն Հարիրիի սպանության մեջ, եւ որեւէ ուղղակի ապացույց չկա Սիրիայի ներգրավվածության մասին»:
Ակնկալվում է, որ դատարանը դատավճիռ կկայացնի այս գործով 4 ամբաստանյալների նկատմամբ:
Դատավճիռները հետաձգվել են գրեթե երկու շաբաթով՝ ի նշան Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի հանդեպ հարգանքի։ Պայթյունի հետեւանքով զոհվել է մոտ 180 մարդ, վիրավորվել ավելի քան 6000 մարդ, իսկ մեկ քառորդ միլիոն մարդ մնացել է անօթեւան:



























