Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել բեկանել և փոփոխել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի օգտին այս տարվա մարտի 4–ին կայացրած վճիռը՝ փաստաբանի վարձատրության մասով։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգում հրապարակված որոշումից։

Խոսքը «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» ՔՀԿ կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի գործի մասին է։ Գրիգորյանը դեռևս 2019թ. մայիսին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ խնդրելով դատարանին  պարտավորեցնել Արսեն Թորոսյանին ֆեյսբուքյան իր անձնական էջից արված ուղիղ եթերից զրպարտություն համարվող տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքել և վիրավորանքի համար ներողություն խնդրել։

Այս տարվա մարտի 4–ին առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը վճռել էր մերժել հայցը՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով և Գևորգ Գրիգորյանից հօգուտ Արսեն Թորոսյանի բռնագանձել 400.000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել հայցվորի ներկայացուցիչը՝ պնդելով, որ առաջին ատյանի դատարանի վճիռը կայացվել է դատավարական նորմերի կոպիտ խախտմամբ։ Գրիգորյանի ներկայացուցիչը խնդրել էր վերաքննիչ ատյանից բեկանել վճիռը և փոփոխել այն՝ հայցը մերժել, սահմանելով փաստաբանի խելամիտ վարձատրության ավելի քիչ գումար։

Հուլիսի 17–ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը բավարարել, առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը` փաստաբանի վարձատրության մասով բեկանել և փոփոխել։ Մասնավորապես, դատարանը որոշել է Գևորգ Գրիգորյանից հօգուտ Արսեն Թորոսյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության դատական ծախս։ Վերաքննիչն արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանը փաստաբանի վարձատրության չափը որոշելիս սխալ եզրահանգման է եկել, մինչդեռ նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը 200.000 դրամ է։

Նշենք, որ նախարար դառնալուց հետո Արսեն Թորոսյանի դեմ չորս հայցադիմում է ներկայացվել դատարան՝ զրպարտչական արտահայտությունների հերքման պահանջով։ Մասնավորապես  առողջապահության նախարարի դեմ հայցադիումներ են ներկայացրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը,  «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» ՔՀԿ կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, բժիշկ Դավիթ Գրիգորյանը։ Այս ընթացքում Արսեն Թորոսյանն էլ իր հերթին դատի է տվել Մասիսի ԲԿ-ի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանին, Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին և մեդիապաշտպան նախաձեռնության համակարգող Սերգեյ Չամանյանին. երեք գործերն էլ վերաբերվում են զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն, հրապարակային ներողություն խնդրելուն։