Լիբանանի իշխանությունները կրկին կարանտին եւ պարետային ժամ են մտցնում, որպեսզի զսպեն կորոնավիրուսի վարակի աճը, հայտնում է AP-ը:
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նոր միջոցներն ուժի մեջ կմտնեն ուրբաթ օրը եւ կտեւեն երկու շաբաթից քիչ ավելի՝ հավելելով, որ դրանք չեն ազդի Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո մաքրման եւ օգնության միջոցառումների վրա: Պարետային ժամը կներդրվի 18:00-ից մինչեւ 6:00-ն:
Առեւտրի կենտրոնները կփակվեն, իսկ ռեստորաններից առաքումը կսահմանափակվի, աշխատանքային ժամերը կկրճատվեն: Կարգելվեն նաեւ հասարակական հավաքները:
Օդանավակայանը կգործի սովորական ռեժիմով, նախարարությունները կիսով չափ կաշխատեն:
Հզոր պայթյունի հետեւանքով վնասված տարածքները կազատվեն սահմանափակումներից, քանի որ շատ շրջաններում մաքրման աշխատանքները շարունակվում են:
Պայթյունից առաջ Լիբանանում արդեն նկատվում էր կորոնավիրուսների դեպքերի թվի աճ, բայց վերջին շաբաթներին իշխանությունները հաղորդել են ռեկորդային թվերի մասին:
Առողջապահության նախարարությունը երկուշաբթի օրը հաղորդել է ռեկորդային 456, իսկ երեքշաբթի եւս 421 նոր դեպքի մասին, ինչի հետեւանքով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9758-ի, մահացածներինը՝ 107-ի։
Առողջապահության նախարար Համադ Հասանը երկուշաբթի նախազգուշացրել էր, որ հիվանդանոցները գերծանրաբեռնված են կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար այն բանից հետո, երբ Բեյրութում տեղի ունեցած պայթյունը վնասել է բժշկական կենտրոնները։





























