Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից 15 տարի անց Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ դատարանը այս հանցագործության մեջ չորս մեղադրյալներից միայն մեկին է մեղավոր ճանաչել: Մյուս երեք լիբանանցիների մասնակցության ապացույցները բավարար համոզիչ չեն. երեքշաբթի օրը, օգոստոսի 18-ին, Հաագայի մոտ գտնվող Լեյդսենդամ քաղաքում հայտարարել են դատավորները, հայտնում է DW-ն:

Դատարանն ապացուցված համարեց, որ Լիբանանի քաղաքացի Սալիմ Ջամիլ Այաշը մեղավոր է, մասնավորապես, սպանության մեջ: Նրա պատժի մասին որոշումը կկայացվի ավելի ուշ: Բոլոր չորս մեղադրյալները «Հըզբոլլահ»-ի անդամ են:

Սակայն դատավորները չեն տեսել ուղիղ ապացույցներ այն մասին, որ սպանությանը մասնակից է այս կազմակերպության կամ Սիրիայի ղեկավարությունը: Դատավարության ընթացքում ներկայացվել են բացառապես անուղղակի ապացույցներ, հայտարարել է դատարանը:

«Հըզբոլլահ»-ի չորս անդամների հեռակա մեղադրանք էր առաջադրվել սունի մահմեդական Հարիրիի վրա հարձակման համար, որի ընթացքում Բեյրութի առափնյա շրջանում 2005 թվականի փետրվարին տեղի ունեցած մեքենայի ռումբի պայթյունի հետեւանքով 23 մարդ էր զոհվել եւ ավելի քան 100 մարդ վիրավորվել:

Լիբանանի հարցով հատուկ տրիբունալը ստեղծվել է 2009 թվականին՝ Հարիրիի սպանությունը հետաքննելու համար, մեղադրանքներն առաջադրվել են 2011թ.։