Չինաստանի Կոմունիստական կուսակցության ԿԿ արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչին նախատեսում է այս շաբաթ այցելել Սեուլ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական Սու Հունի հետ բանակցությունների համար, փոխանցում է Reuters-ը։

Սեուլի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Յան Ցզեչին Փուսան քաղաք կայցելի այս շաբաթվա վերջին։ Սա կլինի Պեկինի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը այն ժամանակից ի վեր, երբ անցյալ տարեվերջին Չինաստանում հայտնվեց կորոնավիրուսը։

Կողմերը հանդիպման ժամանակ կքննարկեն Հյուսիսային Կորեայի հարցը, կորոնավիրուսի հետ կապված համագործակցությունը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի Սեուլ հնարավոր այցը, այսօր հայտարարել է երկրի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Կան Մին Սոկը։

«Երկու կողմերն աշխատում են, որ նախագահ Սի Ցզինպինը կարողանա երկիր այցելել հարմար ժամանակ, երբ COVID-19-ի հետ կապված իրավիճակը կկայունանա»,- ճեպազրույցում ասել է նա։

Նրա խոսքով՝ կողմերը նաեւ կարծիքներ կփոխանակեն Ճապոնիայի մասնակցությամբ ամենամյա եռակողմ գագաթնաժողովի անցկացման հարցի շուրջ։