Նախ՝ պետք է ասեմ, որ ես ուղղակի չեմ կարող զոհերի անունից խոսել, ես խոսում եմ զոհերի մասին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ հանիպմանը հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինքը հանդես է գալիս ապրիլյան պատերազմի զոհերի անունից, խոսում էր զոհերի ընտանիքների առաջ ունեցած պատասխանատվությունից, ինքը որպես այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատար բացի պատասխանատվությունից նաև մեղավոր համարո՞ւմ է զինծայառողների մահվան համար։
«Կարծում եմ՝ ճիշտ չէ շահարկել զոհերը քաղաքական նկատառումներով։ Գիտեք, մեզանից յուրաքանչյուրը, անկախ նրանից՝ նախագահ է, գերագույն գլխավոր հրամանատար, լրագրող, թե զուտ քաղաքացի չի կարող ասել, որ ինքը միշտ անսխալ է եղել, եթե կա այդպիսի մարդ թող ասի։ Իսկ այն մարդիկ, որոնք ամեն օր բազմաթիվ որոշումներ է կայացնում, անշուշտ, այդ պաշտոնատար անձանց սխալները շատ ավելի տեսանելի են։ Առանց որևէ սեթևեթանքի կարող եմ ասել, որ ես չեմ տեսնում իմ կողմից կամ ԶՈՒ որևէ ղեկավարի կողմից այնպիսի սխալ, որի մասին հիմա արժե խոսել։ Մենք ապրիլյան պատերազմում հաղթել ենք»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է պատերազմը հաղթելու չափման միավորին, ըստ Սերժ Սարգսյանի՝ դա Ադրբեջանի պլանների ձախողումն է։
«Չափման միավորն այն է, որ մեր հակառակորդ երկրի նախագահը հրապարակավ հայտարարում է, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Գիտեք, հաջողությունը երբեք կիլոգրամներով չի կարելի չափել, անհնար է չափել։ Հաջողությունը չափվում է քաղաքական հայտարարություններով, միջնորդների հայտարարություններով, երբ միջնորդներն ասում են, որ անթույլատրելի էր Ադրբեջանի վարքագիծը։ Դուք կարող եք մտածել, որ ես ուրիշներին հղում եմ անում, բայց ասեմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում։ Ադրբեջանի որևէ ղեկավար երբեք չի համաձայնելու կամովին Լեռնային Ղարաբաղի անկախությանը․ սա է չափման միավորը։ Անկեղծ եմ ասում՝ մենք երբեք որևէ հաղթանակ մետրով, կիլոմետրով չենք չափել»,- եզրափակեց ՀՀ երրորդ նախագահը։




























