Ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության թերացմանն առնչվող հանցագործության որեւէ դեպք ինձ հայտնի չէ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Հանցագործության որեւէ դեպք ինձ հայտնի չէ։ Եթե հայտնի լիներ հանցագործության որեւէ դեպք, կլիներ դատաքննություն եւ այլն։ Ո՞վ է ասել՝ թերացման համար պարտադիր պետք է մարդիկ դատապարտվեն։ Այդպիսի հասկացողություն չկա, թերացում նշանակում է թերացում։ Դա անդրադառնում է մարդու պաշտոնեական առաջխաղացմանը, եւ ծառայության շարունակմանը եւ այլն»,- ասաց նա։

Մեկնաբանելով ապրիլյան պատերազմի ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ պաշտոնից ազատվելուց հետո  ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կից ռազմական կցորդ նշանակվելը, Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ եթե պաշտոնից ազատվել է, չի նշանակում, թե պետք է չաշխատի այլեւս։

«Իսկ ո՞վ ասեց՝ եթե մարդ պաշտոնից ազատվում է, պետք է գնա իրենց տուն։ Մենք չունենք այն շռայլությունը՝ բոլոր պաշտոններից ազատվածներին ուղարկել տուն եւ եթե մարդուն պաշտոնից ազատում են, ապա ավելի ցածր պաշտոններում նրա գործունեությունը միշտ էլ պետք է ողջունելի լինի, իհարկե, եթե թերացումներն այն աստիճանի չեն, որ կարելի է նրանց պիտանելիության վրա խաչ քաշել։ Կարծեմ՝ Արշակ Կարապետյանը հիմա ավելի բարձր պաշտոնի է։ Հիմա մի կողմից դուք ասում եք թերացումներ, մյուս կողմից էլ՝ պաշտոնի բարձրացում»,- ասաց նա։

Անդրադառնալով իր այն կարծիքին, որ պատերազմի վտանգ կա, երրորդ նախագահը նշեց, որ բանակցային գործընթացը փակուղու մեջ է եւ դա մոտեցնում է պատերազմի վտանգին։

«Իմ կանխատեսումների մեջ էր մտնում այդ փակուղու վատ հետեւանքներից նաեւ Տավուշյան իրադարձությունները։ Այդպիսի գործողությունները չեն նպաստում երկարատեւ խաղաղությանը»,- ասաց նա։