Լիտվան բելառուսական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների ցուցակ է պատրաստել։ Ցուցակում կա 32 ազգանուն, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյինը, չորեքշաբթի օրն ասել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը, հայտնում է Sputnik-Belarus-ը՝ վկայակոչելով LRT-ին:

Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պարզաբանել է, որ արտաքին գործերի նախարարությունն այդ ցուցակն արդեն ներկայացրել է ներքին գործերի նախարարությանը` հաստատման համար:

«Մենք սկսել ենք գործընթացը եւ ազգային պատժամիջոցներ ենք կիրառել այն անձանց դեմ, ովքեր բռնություն են գործադրել, օգտագործել են չափազանց մեծ ուժ, այդ գործողությունների համար պատասխանատու հաստատությունների ղեկավարների դեմ, նրանց դեմ, ովքեր կեղծել են ընտրությունները»,- ասել է Լինկյավիչյուսը։

Նրա խոսքերով՝ առաջարկվող պատժամիջոցները Լիտվա մուտք գործելու արգելք են միայն այն անձանց համար, որոնց անուններն այդ ցուցակում են: Սակայն ամբողջական ցուցակը ԱԳՆ-ը դեռեւս չի հրապարակել:

«Կասեմ, որ կա 32 ազգանուն, այդ թվում՝ Ալյաքսանդր Լուկաշենկոն եւ այլ պաշտոնատար անձինք՝ ուժային կառույցներից եւ ԿԸՀ-ից»,- ասել է Լինկյավիչյուսը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ն որոշել է չճանաչել Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում, ըստ երկրի ԿԸՀ-ի, Լուկաշենկոն հաղթել է ավելի քան 80% արդյունքով: Եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Բելառուսի իշխանությունների դեմ: