Եվրամիության մի շարք երկրներ հանդես են եկել այն բանի օգտին, որ ԵԱՀԿ-ն մասնակցի Բելառուսի ճգնաժամի կարգավորմանը, այս մասին հայտնում է Լեհաստանի ԱԳՆ-ն, փոխանցում է «Sputnik-Բելառուսը»։
Գերատեսչության տեղեկացմամբ՝ երկրի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը հեռախոսով զրուցել է իր շվեդ գործընկեր Անն Լինդեի հետ, որի ժամանակ քննարկել է Բելառուսում ստեղծված իրավիճակի կարգավորմանը ԵԱՀԿ մասնակցության հարցը։
«Նախարարները համաձայն են, որ ԵԱՀԿ-ն օժտված է իրավասություններով, որպեսզի Բելառուսին օգնի դուրս գալ այս բարդ իրավիճակից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Չապուտովիչն այս թեմային անդրադարձել է նաեւ Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի հետ հեռախոսային զրույցում։
«Նախարարները հնարավորությունները քննարկել են Բելառուսում իրավիճակի կարգավորմանն աջակցելու համատեքստում եւ աջակցություն են հայտնել Ալբանիայի նախաձեռնությանը, որը վերաբերում է այդպիսի օգնության ցուցաբերման գործում ԵԱՀԿ-ի մասնակցությանը»,- հայտնում են Լեհաստանի ԱԳՆ-ից։
Բելառուսում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում ԿԸՀ տվյալներով հաղթել է պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշոնկոն։ Ցույցերի առաջին օրերին ուժայինները դրանք դաժանորեն ճնշել են՝ կիրառելով արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ, ռետնե փամփուշտներ։ Ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ, հարյուրավորները տուժել են։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ ցույցերի 2 մասնակից մահացել է։ Ավելի ուշ ներգործության ուժային մեթոդների կիրառումը դադարեցվել է, ցույցերը տեղի են ունենում ամեն օր։
Ընդդիմության ներկայացուցիչները չեն ճանաչել ընտրությունների արդյունքները եւ ստեղծել են Համակարգող խորհուրդ։ Դրա ներկայացուցիչները հայտարարել են, որ Խորհրդի հիմնական նպատակն է իշխանության փոխանցման գործընթացի կազմակերպումը եւ հանրության շրջանում համաձայնության ապահովումը։ Բելառուսի նախագահը Խորհրդի աշխատանքն անվանել է իշխանությունը զավթելու փորձ եւ հայտարարել, որ բավական միջոցներ կան «որոշ տաք գլուխների դատի տալու համար»։




























