ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ 2003-2011թթ. ժամանակահատվածում Մասիս ՋՕ ընկերության վարչական խորհրդի նախագահ, գործադիր տնօրեն հանդիսացած անձը առերեւույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 611․072․640 ՀՀ դրամ արժողությամբ գույքը, ինչպես նաեւ խմբի կազմում թե՛ անձամբ կեղծել, թե՛ դրդել է խմբին կեղծել պատասխանատվությունից ազատող պաշտոնեական փաստաթղթեր: Այս մասին հայտնում են Դատախազության լրատվության ծառայությունից։

Մասնավորապես, ընկերության կանոնադրությամբ ունենալով ոռոգման համակարգերի շահագործման եւ պահպանման ապահովման պարտականություն, վերջինս, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2006-2010թթ. ընթացքում՝ մաս-մաս, գործով դեռեւս չպարզված անձանց միջոցով եւ տեխնիկայի կիրառմամբ, ապամոնտաժել եւ վատնման եղանակով հափշտակել է Արարատի մարզի Նիզամի համայնքում գտնվող Մասիս ջրհան պոմպակայանից դեպի նույն մարզի Այնթապ համայնք անցնող, առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 403,920,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով 5000մ երկարությամբ 1020մմ եւ 207,152,640 ՀՀ դրամ շուկայական արժեքով 2880մ երկարությամբ 820մմ տրամագծով իրեն վստահված պետական սեփականություն հանդիսացող ոռոգման ճնշումային խողովակաշարը:

Ապա իր կատարած հափշտակությունը թաքցնելու դիտավորությամբ, տնօրենի պաշտոնից բխող իր հեղինակության օգտագործմամբ նա համոզելու եղանակով դրդել է իր՝ 01.12.2011թ. հրամանով ձեւավորված՝ ընկերության աշխատակիցներից կազմված հանձնաժողովի 5 անդամներին փաստացի չկատարել հիմնական միջոցների տարեկան գույքագրում՝ հայտնելով, որ այդ միջոցներն առկա են, գտնվում են իրենց տեղում: Հանձնաժողովի անդամներն էլ, գործելով նախնական համաձայնությամբ խմբի կազմում, փաստացի չեն կատարել սահմանված կարգով տարեվերջյան գույքագրումը եւ դրանից բխող պարտադիր գործողությունները:

Փոխարենը՝ հիմնական միջոցների գույքագրման ցուցակում մտցրել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկատվություն իբրեւ թե գույքագրում կատարելու մասին՝ փաստելով բոլոր հիմնական միջոցների՝ այդ թվում վերը նշված հափշտակված խողովակաշարի առկայությունը:

Այնուհետեւ կեղծ գույքագրման ցուցակը՝ պատասխանատվությունից ազատող պաշտոնեական փաստաթուղթը, հաստատվել է հանձնաժողովի անդամների ստորագրությամբ, հանձնվել ընկերության հաշվապահություն:

Բացի այդ, ՋՕԸ գործադիր տնօրենը դարձյալ գործելով հափշտակության փաստը թաքցնելու դիտավորությամբ, նախնական համաձայնությամբ խմբի կազմում՝ ընկերության 4 աշխատակիցների հետ միասին, իր ստորագրությամբ հաստատել է 20.12.2011թ. ամսաթվով կազմված ՋՕ ընկերության հիմնական միջոցների հանձնման-ընդունման ակտը, որում ներառել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր ինքը հանձնել, իսկ նոր տնօրենն ընդունել է ընկերության բոլոր հիմնական միջոցները, այդ թվում՝ հափշտակված խողովակաշարը: Այսինքն՝ խմբի կազմում կեղծել է պատասխանատվությունից ազատող պաշտոնեական փաստաթուղթ, որը հանձնվել է ընկերության հաշվապահություն:

Նկարագրված հանցագործության համար Մասիս ՋՕ ընկերության գործադիր տնօրեն Ա. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով։

2020թ. օգոստոսի 14-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ հաստատվել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործն ուղարկվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում Ա. Դ.-ն կամովին չի վերականգնել պետությանը պատճառված նյութական վնասը, ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունից հայց է ներկայացվել Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ա. Դ.-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ 611․072․640 ՀՀ դրամը:

Բռնագանձումը պատշաճ ապահովվելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք: