Իրանի ԱԳ նախարարություն է կանչվել Արաբական Միացյալ Էմիրությունների գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ կապված Պարսից ծոցում Էմիրությունների առափնյա պահպանության կողմից իրանական ձկնորսանավի գրավման հետ, փոխանցում է Mehr-ը։
Օգոստոսի 17-ին Պարսից ծոցում ԱՄԷ-ի առափնյա պահպանությունը կրակոցներ է արձակել իրանական մի քանի ձկնորսանավերի վրա եւ գրավել դրանցից մեկը։
Միջադեպից անմիջապես հետո, որի հետեւանքով զոհվել է 2 ձկնորս, իրանցի համապատասխան պաշտոնատար անձինք սկսել են ողբերգական իրադարձության անհապաղ քննություն։ Այն բանից հետո, երբ իրավիճակը տեղում մանրակրկիտ ուսումնասիրվել է, ԱՄԷ-ի դիվանագետը նախարարություն է կանչվել միջազգային իրավական հարցերով դեպարտամենտի տնօրենի կողմից։
Իրանցի պաշտոնյան դատապարտել է իրանական ձկնորսանավերի հետապնդումը՝ հայտարարելով, որ այս անօրինական եւ նորմայի շրջանակներից դուրս եկող գործողությունների պատասխանատվությունն ընկած է ԱՄԷ-ի կառավարության վրա։
Նա շեշտել է, որ կալանավորվածները, ինչպես նաեւ գրավված ձկնորսանավերը պետք է ազատ արձակվեն, իսկ սպանվածների մարմինները պետք է փոխանցվեն Իրանին։ Իրանի պաշտոնական ներկայացուցիչը փոխհատուցում է պահանջել պատճառած վնասի դիմաց եւ ԱՄԷ-ին կոչ արել անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ապագայում համանման իրադարձությունների կրկնումը կանխարգելելու համար։
ԱՄԷ-ի գործերի հավատարմատարն իր հերթին ափսոսանք է հայտնել միջադեպի կապակցությամբ եւ շեշտել, որ Աբու Դաբիին կտեղեկացնի իրադարձությունների զարգացման մասին։





























