Հարավային Կորեան կարող է երկրի ամբողջ տարածքում մտցնել սոցիալական հետավորության պահպանման խիստ միջոցառումներ նոր տեսակի կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվածների թվի աճի ֆոնին։ Այս մասին այսօր հայտարարել է երկրի վարչապետ Չոն Սե Գյունը Սեուլում կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մայրաքաղաքային շրջանում վարակման նոր դեպքերի թիվը չի կրճատվում, ավելին՝ ինֆեկցիան տարածվում է նաեւ երկրի մյուս շրջաններում, այդ թվում՝ չհաստատված ճանապարհներով»,- շեշտել է նա։ «Անհրաժեշտ են հատուկ շտապ միջոցներ վիրուսը կանգնեցնելու համար»,- հավելել է նա։

Հարավային Կորեայում վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր գրանցվում է կորոնավիրուսով վարակման 100-ից ավելի դեպք։ Հիվանդացության աճը մայրաքաղաքային շրջանում, մանավորապես, կապված է «Սարան չեիլ» պրեսբիտերական եկեղեցու հետ, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը անցել է 700-ից։ Իշխանություններն անցկացրել են դրա մի քանի հազար հետեւորդների թեստեր, սակայն եւս մի քանի հարյուր ծխականների գտնվելու վայրն անհայտ է մնում։

Իրավիճակը բարդանում է, քանի որ «Սարան չեիլի» շատ անդամներ անցյալ հանգստյան օրերին մասնակցել են Սեուլի կենտրոնում զանգվածային չարտոնված հանրահավաքների եւ կարող էին ինֆեկցիան տարածել։ Սրա հետ կապված կառավարությունը այդ միջոցառումների բոլոր մասնակիցներին կոչ է արել կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնել։ Միաժամանակ հարավկորեական լրատվամիջոցները բազմիցս հայտնել են բուժհետազոտություն անցնելուց «Սարան չեիլի» կողմնակիցների հրաժարվելու փաստերի մասին, ինչպես նաեւ բժիշկների աշխատանքը սաբոտաժի ենթարկելու եւ շրջապատողներին վարակելու նրանցից ոմանց դիտավորյալ փորձերի մասին։

Այս ֆոնին երկրի նախագահ Մուն Չժե Ինը բոլորին կոչ է արել օրենքի ամբողջ խստությամբ պատժել նրանց, ովքեր խոչընդոտում են բժշկական իշխանությունների  գործունեությանը կորոնավիրուսի անալիզներ վերցնելիս եւ վարակված անձանց պարզելիս։ Դրանից բացի, Հարավային Կորեայի մի շարք շրջաններում համաճարակաբանական իրավիճակի խորացման պատճառով մտցվել է սոցիալական հեռավորության պահպանման երկրորդ՝ բարձրացված մակարդակը, որը նախատեսում է փակ տարածքում 50 եւ բացօթյա 100 մարդուց ավելի մասնակցությամբ զանգվածային միջոցառումների արգելք։

Ներկա պահին Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 17 002 դեպք, ապաքինվել է 14 169 պացիենտ, մահվան դեպքերի թիվը կազմում է 309։ Օգոստոսի 16-ից հարավկորեական մայրաքաղաքում եւ հարեւան Կյոնգիդո նահանգում գործում է սոցիալական հետավորության պահպանման միջոցառման բարձրացված մակարդակ՝ կապված կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման դեպքերի կտրուկ աճի հետ։