Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տխանովսկայան կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգենի հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Տիխանովսկայայի թիմում պարզաբանել են, որ հանդիպումը տեղի կունենա Լիտվայում, որտեղ այժմ գտնվում է նախկին թեկնածուն:

Հանդիպումը նշանակված է երկուշաբթի, օգոստոսի 24-ին: Այլ մանրամասներ, ինչպես նաեւ հանդիպման օրակարգը, չեն հստակեցվում: Գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Բիգենը նաեւ նախատեսում է այցելել Ռուսաստան՝ Բելառուսում իրավիճակը քննարկելու համար:

Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո բողոքի չարտոնված ցույցեր են սկսվել՝ արդյունքների կեղծման դեմ: Ցույցերի ընթացքում ոստիկանությունը եւ ներքին զորքերը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ եւ ռետինե փամփուշտներ են օգտագործել:

Ավելի ուշ երկրի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններում գործադուլ է սկսվել, աշխատակիցները պահանջել են նոր ընտրություններ անցկացնել եւ դադարեցնել ցուցարարների հանդեպ դաժան վերաբերմունքը: Ընդդիմության բոլոր թեկնածուների շտաբերը հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների պաշտոնական արդյունքները: