Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ արտգործնախարար Խայկո Մաասը համատեղ հայտարարության մեջ կոչ են արել Ռուսաստանի իշխանություններին Ալեքսեյ Նավալնու թունավորման բաց հետաքննություն անցկացնել, հայտնում է «Մեդուզա»-ն:

Մերկելը եւ Մասսը նշել են, որ ըստ Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի, կլինիկական հետազոտությունները վկայում են Ալեքսեյ Նավալնու թունավորման մասին: «Հաշվի առնելով պարոն Նավալնու նշանակալի դերը Ռուսաստանում քաղաքական ընդդիմության շրջանում, իշխանությունները պետք է հետաքննեն այս հանցագործությունը մինչեւ վերջին մանրուքները եւ ամբողջությամբ թափանցիկություն ապահովեն: Անհրաժեշտ է պարզել եւ պատժել պատասխանատուներին», - ասվում է հայտարարության մեջ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առաջիններից էր, ով օգնություն առաջարկեց Ալեքսեյ Նավալնու ընտանիքին՝ ռուս ընդդիմադիր գործչի հոսպիտալացումից հետո: