Երեւանի բնակչուհի Հասմիկ Հակոբյանն ահազանգում է Երևանի քաղաքապետարանի ն ապօրինության մասին: NEWS.am-ի խմբագրություն ահազանգած Հասմիկը պնդում է, որ Երեւանի քաղաքապետարանը որոշում է կայացրել տարածքային վեճի վերաբյալ, որը դեռ քննվում է դատարանում:

«Տատիկս՝ Լուրետա Մկրտչյանը, տիրապետում է Սեբաստիա 18 հասցեում գտնվող նախկին կաթսայատան տարածքը՝ կից ավտոտնակով։ 2018 թվականի երկու երիտասարդ՝ Ռոմիկ և Խաչիկ Շահբազյան եղբայրները, Երևանի քաղաքապետարանից կասկածելի աճուրդով գնել են դրա հարևանությամբ գտնվող տարածքը։ Ինչպես հիմա է մեզ պարզ դարձել՝ նրանք ի սկզբանե Քաղաքապետարանի հետ պայմանավորվել են, որ իրենցը կդառնա նաև տատիկիս, ինչպես նաև մեկ այլ հարևանի տիրապետության ներքո գտնվող հողատարածքնեը։ Հենց այս պատճառով Երևանի քաղաքապետարանը մեկ տարի առաջ սկսեց օրենքի կոպտագույն խախտումներով վարչական տույժեր նշանակել տատիկիս և մեր հարևան Վլադիմիր Դարբինյանի նկատմամբ։ Այդ ակտերը բողոքարկեցինք ՀՀ Վարչական դատարան։ Վլադիմիր Դարբինյանի գործով վարույթը դեռ քննության փուլում է առաջին ատյանի դատարանում։

Ինչ վերաբերում է Լուրետա Մկրտչյանին, ապա դատարանը բավարարեց մեր հայցը՝ անվավեր ճանաչելով այդ ակտը։ Վճռի դեմ քաղաքապետարանը բերեց վերաքննիչ բողոք, որը ընդունվեց վարույթ, և նիստ նշանակվեց 2021 թվականի ապրիլի 22-ին։ Ուստի՝ այս գործը դեռ գտնվում է քննության փուլում, ինչը քաղաքապետարանի համար իրավական լուրջ արգելք է՝ այս վարչական վարույթի առնչությամբ այլ գործողություն կատարելու։

2020 թվականի օգոստոսի 19-ին ստացանք նույն վարույթի վերաբերյալ գրեթե նույն որոշումը՝ ուղղված Լուրետա Մկրտչյանին, պարզապես այլ ամսաթվով և այս անգամ ընդունված Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի կողմից։ Բացի այն, որ նման որոշում ընդունելու իրավունք Քաղաքապետարանը չուներ, այս որոշման մեջ ավելացել են նաև իրականությանը չհամապատասխանող, ակնհայտ կեղծ տվյալներ՝ այն մասին, թե իբր տատիկս և Ռոմիկ Շահբազյանը Երևանի քաղաքապետարանում համատեղ մասնակցել են քննարկումների։ Հորինել են նույնիսկ քննարկումների ժամանակ տատիկիս արտահայտած դիրքորոշումը, մինչդեռ իրականում նման քննարկում երբևէ տեղի չի ունեցել, տատիկս Ռոմիկ Շահբազյանին երբեք չի հանդիպել։ Այսինքն՝ փոխքաղաքապետի կողմից ընդունվել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ՝ իր ստորագրությամբ, որով անձին տրվում է 3 օր ժամանակ ավտոտնակը քանդելու համար։ Նշեմ նաև, որ քաղաքապետարանի աշխատակիցներից մեզ հայտնել են, որ վախենում են, թե կկորցնեն իրենց աշխատանքը, դրա համար պարզապես ստիպված են կատարել երկու եղբոր կամքը։ Այս երկուսը ևս հայտնել են, որ քաղաքապետարանը չի կարող անել այլ բան, քան այն, ինչ իրենք կհրամայեն։ Մենք համոզվել ենք, որ դա այդպես է։ Նրանց ապօրինի գործելաոճի հետևանքով այս մեկ տարվա ընթացքում տատիկիս առողջությունը պարբերաբար վատթարացել է, և նա հայտնվել է հիվանդանոցում։ Այժմ արդեն այս ապօրինությունների դեմ օրենքով պայքարելն անիմաստ է, քանի որ այս կառույցի և երկու եղբոր հանցավոր կոալիցիան մեղմ ասած թքած ունի թե՛ օրենքի, թե՛ դատարանի վրա։ Կասկած ունեմ, որ իրենց փոխկապակցված անձը հենց առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն է, քանի որ նրանք բնակվում են միմյանց հարևանությամբ և հասակակիցներ են», -պատմում  է Հասմիկ Հակոբյանը

Նա նաեւ պատմեց, որ իրենք քաղաքապետարանի ընդունած որոշման դեմ բողոք են ներկայացրել դատարան, նաեւ հանցագործության մասին հաղորդում են  ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն, սակայն դեռ  որեւէ պատասխան չկա: