Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ ավելի քան 6 միլիոն դրամ  հավելյալ գումար է հատկացրել  «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ին՝ մինչև տարեվերջ կառույցի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման նպատակով:  CNF-ը, շարունակելով աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին, որպես օժանդակության հիմնական թիրախ ուշադրության կենտրոնում է պահում  նաև պահպանվող տարածքների աշխատակազմերի աշխատանքային պայմանների բարելավումը, այդ թվում, աշխատավարձերի բարձրացումը, ինչն, ըստ էության, արժանապատիվ աշխատանքով զբաղվածության և աշխատանքային գործունեության արդյունավետ իրականացման մոտիվացիա է: Վերջին տարիներին, Շրջակա միջավայրի նախարարության և CNF-ի արդյունավետ համագործակցության շնորհիվ, ԲՀՊՏ-ների աշխատակիցներին տրված աշխատավարձերի աճման դինամիկան ակնհայտ է. դրանք  գրեթե կրկնապատկվել են:

Սա հիմնադրամի  համար սկզբունքային և էական նշանակություն ունեցող մոտեցում է պահպանվող տարածքների արդյունավետ պահպանության իրականացման գործում: Հիշեցնենք, որ հուլիսին Հայաստանի կառավարության և Կովկասի բնության հիմնադրամի միջև աննախադեպ դրամաշնորհի պայմանագիր էր  ստորագրվել, որով ՀՀ կառավարությանը տրամադրվել է ևս կես միլիոն եվրո բյուջետային աջակցություն, ինչն ուղղվել  է  «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր պետական ոչ-առևտրային կազմակերպությունների ֆինանսավորմանը: