Շատ է խոսվում ԵՊՀ-ում կառավարման ճգնաժամի, կոլապսի մասին, իրականում այդպես չէ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Գեւորգյանը:
«Անցած տարի մենք նախաձեռնեցինք ընդունելության թվերի իրատեսական պլանավորման գործընթաց եւ վարձերի ճիշտ որոշման գործընթաց: Կոնկրետ ինձ համար եւ շատը համալսարանականների համար վիրավորական էր, որ մեկ էլ սեպտեմբերի 1-ին ամբողջ մամուլը գրում է, որ 300 տեղ, 500 տեղ թափուր է մնացել: Իրականում դա թափուր էր մնում այն պատճառով, որ հայտարարվում էին տեղեր նախապես իմանալով, որ այդքան դիմորդ չի լինելու: Մենք իջեցրեցինք թվերը ոչ միայն այնքան, որ պլանը կատարենք, այլ նաեւ որ ունենանք համեմատաբար որակյալ ընդունելություն: Այս տարի 10 եւ պակաս միավորով ընդունվողների թիվը կրկնակի պակասել է: Այսինքն ընդունվողների թիվը պակասել է ցածր գնահատականով ընդունվողների հաշվին, ինչը դրական միտում է»,-ասաց նա:





























