Կային մարդիկ, որոնք ասում էին, որ մեր պայմանագիրը ԵՊՀ-ի հետ հեռավար ուսուցման համար չէ. ես էլ ասացի՝ ճիշտ եք ասում, ես պատրաստ եմ ձեր գումարը հետ տալ, գործերն էլ հետ տալ, գնացեք գտեք համալսարան, որտեղ առկա ուսուցում է եւ նստեք դասերի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Գեւորգյանը:
«Ամբողջ աշխարհն է անցել դրան եւ որեւէ մեկը վարձի չի զիջել: Համավարակի հետ կապված որեւէ տնտեսվարող իր ծառայության գինը չի էժանացրել»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ ԵՊՀ-ի դեմ 22 դատական հայց կա, որից 16-ը աշխատանքային վեճեր են, ռեկտորն արձագանքեց. «Հիմա կրկնակի շատ են հայցերը, մոտ 30 հայց էլ մենք ենք ներկայացրել դատարան: Դա «Պատիվ ունեմ» ծրագրով դիմել էին, հետո դուրս էին մնացել համալսարանից, նրանք պետք է կրկնակի հետ տային գումարները, բայց չգիտես ինչու այդ փողը ստանալու պարտավորությունը դրված է համալսարանի վրա:
Ես չեմ համարում, որ մոտ 20 դատական հայցերը շատ են, որովհետեւ ամեն դատը տեւում է մոտ երկու տարի: Դրանց շարքում կան նաեւ զավեշտալի հայցեր: Օրինակ մարդը բողոքում է, որ իրեն աշխատանքի ընդունելիս իրեն չեն ծանուցել: Բայց երբ աշխատավարձ է ստացել, չի ասել՝ բա ինչի՞ համար են ինձ փող տալիս»:





























