Միլիարդատեր Բիլ Էքմանն առաջարկել է ամերիկացիներին ծննդյան ժամանակ տալ այնքան գումար, որպեսզի մինչեւ թոշակի անցնելը նրանք միլիոնատեր դառնան: Սա կօգնի վերացնել ունեցվածքի անհավասարության խնդիրը, որը սպառնում է կապիտալիզմին, կարծում է ֆինանսիստը, գրում է Forbes-ը:
Pershing Square հեջ-ֆոնդի ղեկավար Բիլ Էքմանը (կարողությունը, ըստ Forbes Real-Time-ի, 2 միլիարդ դոլար է) հայտարարել է, որ կապիտալիզմի գրավչությունը պահպանելու համար, որն իրեն միլիարդատեր է դարձրել, անհրաժեշտ է արմատախիլ անել հարուստների եւ աղքատների միջեւ աճող անջրպետը: «Սա կարեւոր խնդիր է, որը լուծում է պահանջում բոլորիցս, ովքեր դարձել ենք այս համակարգի ամենամեծ շահառուները»,- գրել է նա հիմնադրամի առաջին կիսամյակի զեկույցում:
Անհավասարությունը վերացնելու համար Էքմանն առաջարկում է իր բաղադրատոմսը, թե ինչպես յուրաքանչյուր ամերիկացուն դարձնել միլիոնատեր: Ֆինանսիստն առաջարկում է ԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխայի ծննդյան պահին գանձապետարանից նրան հատկացնել 6750 ԱՄՆ դոլար` այն ներդնելով ինդեքսային ֆոնդերի զամբյուղում: Ստացողը այս գումարը կկարողանա օգտագործել միայն թոշակի անցնելուց հետո: Եթե ծնելիության ներկայիս մակարդակը պահպանվի, ապա դա տարեկան կարժենա 26 միլիարդ դոլար, հաշվարկել է Էքմանը: Հաշվի առնելով կապիտալի տարեկան միջին տարեկան 8% եկամտաբերությունը` 65 տարի հետո թոշակի անցնելով՝ ԱՄՆ յուրաքանչյուր բնակիչ կստանա 1 միլիոն դոլար խնայողություն, համոզված է միլիարդատերը:
Նա ընդգծում է, որ կապիտալիզմը, իր բոլոր թերություններով հանդերձ, «տնտեսական կարկանդակը առավելագույնս մեծացնելու» լավագույն համակարգն է: Բայց այսօր շատ ամերիկացիներ, ովքեր տնտեսապես տառապում են եւ զրկված են կապիտալ կուտակելու հնարավորությունից, ավելի շատ են հետաքրքրված սոցիալիզմով կամ ուրիշ այլընտրանքներով, նշում է Էքմանը: Դա սպառնում է քաղաքական ռիսկերով եւ աններդաշնակությամբ, որոնք լրջորեն սպառնում են կապիտալիստական համակարգի կայունությանը, զգուշացնում է նա:
«Բացի կենսաթոշակի համար հարստություն կուտակելու հարցում բոլոր ամերիկացիներին օգնելուց, բոլորի համար պարտադիր խնայողական հաշիվները կխթանեն բնակչության ֆինանսական գրագիտությունը եւ, որ կարեւոր է, բոլոր ամերիկացիներին հնարավորություն կտան մասնակցելու կապիտալիզմի զարգացմանը»,- ընդգծել է միլիարդատերը:
Market Watch-ը նշում է, որ Էքմանի հեջ-ֆոնդը այս տարի լավ ցուցանիշներ ունի՝ շնորհիվ 2020-ի սկզբին պատշաճ պահված կորպորատիվ պարտատոմսերի տոկոսադրույքի: Այս ներդրումները մարտին կորոնավիրուսի հետ կապված ֆոնդային շուկայի փլուզման ժամանակ Pershing Square-ին բերել են ավելի քան 2 միլիարդ դոլար:





























