NEWS.am-ը ներկայացնում է «Ադրբեջանի էթնոքաղաքական խճանկարը» հրապարակումների շարքը, որը նվիրված է Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող ազգերին: Հրապարակումների առաջին մասը նվիրված է քրդերին: Հեղինակը Արցախի նախագահի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանն է: Մաս երկրորդ:
Կարմիր Քրդստան
Խորհրդային ռեժիմը` հատկապես դրա, եթե կարելի է պայմանականորեն ասել, հեղափոխական ռոմանտիզմի շրջանում, որը տեւեց մինչեւ 1930-ականների կեսերը, շատ որոշակի պայմաններ ստեղծեց տարբեր փոքր ժողովուրդների ինքնորոշման համար: Ձեւավորվեցին տարբեր ազգային վարչատարածքային միավորումներ: Եվ քրդերն այստեղ բացառություն չէին, ընդ որում այստեղ կային նաեւ աշխարհաքաղաքական հրամայականներ:
Քրդական միավորում ստեղծելու խոսակցություններն ու մտադրությունները հայտնվել են արդեն 1921 թվականին: Եվ սա քրդական միավորում ստեղծելու աշխարհում առաջին նախագիծն էր: 1921 թվականի հոկտեմբերի 3-ին Ազգերի ժողովրդական կոմիսարիատը` Ի. Ստալինի գլխավորությամբ, իր« Ազգությունների կյանքը» թերթում հոդված հրապարակեց «Պայմանագրային խորհրդային հանրապետություններում. Քրդստանում» վերնագրում, որում խորհրդային հասարակությանը հայտնեց որ լրջորեն քննարկվում է Քրդստանի Հանրապետություն ստեղծելու հարցը:
Ամբողջ 1921 թվականի ընթացքում բազմաթիվ նյութեր են տպագրվել այն մասին, որ Կարմիր Քրդստանում սարսափելի սով է սկսվել: Ի դեպ, «Քրդստան» անվանումն առաջին անգամ հիշատակվել է սովի հետ կապված: 1921 թվականի մայիսին Ադրբեջանի ԿԸՀ նիստերից մեկում քննարկվեց Քրդստանում սովի հարցը: Սովի մասշտաբի առումով Քրդստանը նույնիսկ համեմատել էր Պովոլժյեի հետ: 1921 թվականի նոյեմբերի 14-ին Ադրբեջանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ն. Նարիմանովը հեռագիր էր ուղարկել Լենինին եւ խորհրդային առաջնորդին հայտնել էր, որ Ադրբեջանի պետական բանկ է ստեղծվել: Նույն հեռագրում Նարիմանովը նշել էր, որ, ի նշան պրոլետարական համերաշխության, 40 միլիոն ռուբլի է ուղղվել եղբայրական Պովոլժյեի եւ Քրդստանի սովից տուժած ժողովրդին օգնելու համար: Լենինն այս հեռագրին արձագանքեց երեք օր անց, եւ իր կարճ պատասխանում նա սոված Պովոլժյեի եւ Քրդստանին օգնությունը որպես Աշխատավորների կարմիր ինտեռնացիոնալի դրոշի ներքո քայլելու պատրաստակամության նշան բնութագրեց:
1923 թվականի հուլիսի 16-ին Ս.Մ. Կիրովի ղեկավարությամբ Ադրբեջանի ԽՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեի (ԿԸՀ) Նախագահության հրամանագրով ստեղծվեց Քրդստանի գավառը, որն առավել հայտնի է որպես «Կարմիր Քրդստան»: Քրդստանի գավառըը տեղակայված էր Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ եւ ներառում էր նախկին Քելբաջարի, Լաչինի եւ Կուբաթլիի տարածքները: Քրդստանի գավառը բաղկացած էր վեց գյուղերից եւ գավառակներից` Քարաքիշլագ, Քելբաջար, Կուբաթլի, Կոթուրլի, Քուրդ-Հաջի եւ Մուրադխանլի: Լաչին գյուղը դարձավ գավառի կենտրոնը:
Ի դեպ, շատ հետաքրքրական է Լաչին քաղաքի եւ դրա անվան ստեղծման պատմությունը: Երբ ստեղծվեց Կարմիր Քրդստանը, դրա կենտրոնը նախ դարձավ Փիրջահան գյուղը, իսկ հետագայում` Մինքենդ գյուղը: Բայց հետո որոշվեց շրջկենտրոնը տեղափոխել Աբդալար գյուղի տարածք: Այս տարածքը ռազմավարական մեծ նշանակություն ուներ: Հենց այստեղ էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանից բաժանող ամենանեղ հատվածը: Այս հատվածը կապում էր նաեւ Կարմիր Քրդստանի հյուսիսային եւ հարավային հատվածները: Մայրաքաղաքի հիմնադրումն այստեղ երաշխավորում էր այս քաղաքի աճն ու զարգացումը եւ վերափոխումը խոշոր հանգույցի, որը մի կողմից կամրապնդեր կապերը Քրդստանի երկու մասերի միջեւ, մյուս կողմից այն ավելի արդյունավետորեն կիրականացներ Լեռնային Ղարաբաղը Հայաստանից անջատման գործառույթը:
Լաչին քաղաքի գտնվելու վայրն ու անվանումը ընտրել է Ադրբեջանում հայտնի գրական-քաղաքական գործիչ Թագի Շահբազի Սիմուրգը: Հենց նա էր, «ցույց տալով նախաձեռնությունը եւ հաշվի առնելով բնակիչների բնավորությունն ու տեղական ռելիեֆը», քաղաքն ու մարզը անվանել Լաչին: «Լաչին» անունը շատ խորհրդանշական է եւ թուրքերեն նշանակում է բազե: Խորհրդանշանակությունը կայանում է երկու ասպեկտներում: Ինչպես գիտեք, քրդերի ազգային խորհրդանիշներից մեկն արծիվն է, որն այժմ պատկերված է Իրաքյան Քրդստանի զինանշանի վրա: Ավելին, արծիվներն արաբական մի շարք երկրների խորհրդանիշներ են, մասնավորապես` Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ այլն: Մինչդեռ այս արծիվն արդեն հիշատակված Սալադինի խորհրդանիշն էր եւ պատմության մեջ հայտնի էր որպես «Սալադինի արծիվ»: Կարմիր Քրդստանի կենտրոնը գուցե կարող էին կոչել «արծիվ» բառով, բայց այդ դեպքում այն կկապվեր նախորդ իշխանության խորհրդանիշի` ցարական Ռուսաստանի արծվի հետ: Իսկ «Լաչինը» բազե է, դա մի տեսակ փոքրիկ արծիվ է, որը մարմնավորում է փոքրիկ կամ «Փոքր Քրդստանի» կենտրոնը:
Սիմվոլիզմի մյուս ասպեկտ այն էր, որ բազեը նաեւ հին թուրքերի խորհրդանիշն է եւ նաեւ հաղթանակ, մեծություն եւ զորություն է խորհրդանշում: Եր իրոք, իր դիրքով Լաչինը, իր անվանը հարիր, գիշատիչ թռչնի պես կտրում էր կապը Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ, իր ճանկերում ամուր բռնում հայկական պետականության երկու հատվածները կապող ամենակարճ զարկերակը: Ի դեպ, անվան հեղինակ Թագի Շահբազի Սիմուրգի ռեպրեսիաների ենթարկվեց 1930-ականների վերջին եւ գնդակահարվեց պանթուրքական գործունեության մեղադրանքով:
1926 թվականի համամիութենական մարդահամարի համաձայն` Քրդստանի գավառի բնակչությունը 51.2 հազար մարդ էր կազմում, որից 37470 մարդ քուրդ էր (73.1 տոկոս), 13.520 թուրք (26.3 տոկոս), 256 հայ (0.5 տոկոս): Բոլոր օկրուգներում, բացառությամբ Կուբաթլիի, քրդերը կազմում էին բնակչության բացարձակ մեծամասնությունը. Կարակիշլագ (99.7 տոկոս), Քելբաջար (99.8 տոկոս), Կոթուրլի (99.9 տոկոս), Քուրդ-Հաջի (98.6 տոկոս), Muradkhanli ( 98.2 տոկոս): Կուբաթլիում բնակչության մեծ մասը թուրքեր էին (98.9 տոկոս), հայերը թվով երկրորդ ազգն էին Կուբաթլիում (1 տոկոս) եւ Մուրադխանլիում (1.6 տոկոս):
Քրդստանի գավառը երկար կյանք չունեցավ եւ լուծարվեց 1929 թվականի ապրիլի 8-ին Խորհրդային Միության վեցերորդ համաադրբեջանական համագումարի որոշմամբ: Գավառների լուծարման մասին որոշումն ընդունվեց ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կողմից, որոնք որոշեցին գավառների փոխարեն օկրուգներ ստեղծել: Չնայած գավառների վերացումը եւ դրանց փոխարեն օկրուգների ստեղծումը հրահանգ էր «վերեւից», միութենական հանրապետություններն իրենք էին որոշում, թե ինչ օկրուգներ դրանք պետք է ձեւավորեն: Ադրբեջանի ԽՍՀ-ում, գոյություն ունեցող 13 գավառի փոխարեն 8 օկրուգ ստեղծվեց: Բայց նոր օկրուգների մեջ Քրդստանի օկրուգ չկար: Քրդստանի օկրուգի տարածքն ընդգրկվեց նորաստեղծ Ղարաբաղյան օկրուգի մեջ, որն ընդգրկում էր նաեւ նախկին Զանգելանի, Զեբրաիլի, Ֆիզուլինի, Աղդամի եւ Աղջաբեդիի օկրուգի եւ Ժդանովի օկրուգի մի մասը:
Հնարավոր է, որ Ադրբեջանի իշխանությունները գնացին այս քայլին, որպեսզի հետագայում միավորեն այս օկրուգը ԼՂԻՇ-ի հետ եւ ստեղծեն հիմնականում թյուրքական ղարաբաղյան վարչատարածքային միավոր եւ դրանով իսկ կազմաքանդեն ղարաբաղյան հայկական պետականությունը: Այնուամենայնիվ, 1930-ի մայիսի 25-ին Ադրբեջանի ԽՍՀ կենտրոնական գործադիր կոմիտեն հրամանագիր արձակեց Քրդստանի օկրուգի կազմավորման մասին: Քրդստանի օկրուգն ավելի մեծ էր, քան դրա նախորդը` Քրդստանի գավառը: Նախկին գավառի տարածքից բացի այն ընդգրկում էր նաեւ ամբողջ Զանգելանը եւ Ջեբրաիլի մի մասը: Կարմիր Քրդստանն այդպիսով սահման ունեցավ Իրանի հետ: Նոր օկրուգի կենտրոնը կրկին դարձավ Լաչին գյուղը:
Հետաքրքիր է, որ Ադրբեջանի իշխանությունները չէին ցանկանում Քրդստանի օկրուգ ստեղծել: Իսկզբանե Ադրբեջանի ԽՍՀ կենտրոնական գործադիր կոմիտեն մտադիր էր Կարյագինից, Զանգելանից, Կուբաթլիից եւ Լաչինից բաղկացած Ղարաբաղի տարածքում ստեղծել Արաքսինի օկրուգը` Ջաբրայիլում տեղակայված կենտրոնով: Այս նախագիծը լուրջ առարկություններ առաջ բերեց տեղում, քանի որ դրա իրագործմամբ Քելբաջարի եւ Կոտուրլինի օկրուգները` բոլոր առումներով ամենահեռավոր եւ հետամնացները, ամբողջությամբ կտրվում էին շրջկենտրոնից` կորցնելով դրա հետ նույնիսկ անմիջական տարածքային կապը: Բացի այդ, Լաչինի կապը նոր օկրւոգի կոնտրոնի` Ջաբրայիլի հետ լուրջ դժվարություններ կունենար, քանի որ Լաչինից Ջաբրայիլ 130 կիլոմետրանոց երթուղին 45 կմ անցնում էր անջուր եւ ամայի անապատով: Կարյագինի օկրուգի վերաշրջանավորման հարցը լայնորեն քննարկվել է Ղարաբաղի շրջանային կուսակցական համաժողովին, որի ժամանակ առաջ էր քաշվել Քրդստանի շրջան ստեղծելու նախագիծը` դրան կցելով Զաբրայիլ գավառի մի մասը:
Սակայն երկուսուկես ամիս անց` 1930 թվականի հուլիսի 23-ին, ԽՍՀՄ ԺԿԽ եւ Կենտգործկոմը համատեղ հրամանագիր ընդունեցին, համաձայն որի օկրուգները լուծարվում էին որպես վարչական միավորներ, իսկ օգոստոսի 8-ին համապատասխան հրամանագիրն ընդունվեց Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից: Օկրուգի փոխարեն վարչական նոր միավորներ էին սահմանվում` շրջաններ: Քրդստանի օկրուգը կրկին լուծարվեց, սակայն Քրդստանի շրջան այդպես էլ չստեղծվեց: Այսպիսով քրդական վարչատարածքային միավորը գոյություն ունեցավ շուրջ 7 տարի:
Սակայն դրա ստեղծումը, բացի հեղափոխական ռոմանտիզմից եւ տարբեր փոքր ժողովուրդներին ինքնատիպ զարգացման հնարավորություն ընձեռելու բոլշեւիկների պատրաստակամությունից, լուծեց նաեւ մի շարք կարեւոր աշխարհաքաղաքական խնդիրներ՝ ինչպես ԽՍՀՄ շրջանակներում, այնպես էլ տարածաշրջանում: Ընդ որում, աշխարհաքաղաքական խնդիրներ էր լուծում նաեւ Ադրբեջանական ԽՍՀ-ն: Այստեղ կարեւորագույն հրամայականներից մեկը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ վարչատարածքային ջրբաժանի ստեղծումն էր, որը նման էր Զանգեզուրը Ղարաբաղից բաժանելու Իրանի արդեն նշված քաղաքականությանը: Բայց հետո ստեղծվեց ժողովրդագրական ջրբաժան, եւ Կարմիր Քրդստանի ստեղծմամբ ստեղծվեց նաեւ քաղաքական-տարածքային բաժանում: Բացի այդ, ստեղծելով քրդական վարչատարածքային միավոր, Կրեմլը շատ արդյունավետ ազդեցություն ունեցավ Ադրբեջանի վրա, որն այդ ժամանակ ոչ միայն խորհրդային պետության, այլեւ ամբողջ տարածաշրջանի նավթ արդյունահանող հիմնական տարածաշրջանն էր: Կարմիր Քրդստանի գոյությունը, մանավանդ որ Ադրբեջանն արդեն ուներ երկու ազգային-տարածքային ինքնավար հայկական կազմավորումներ (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ եւ Նախիջեւանի ԻՍՍՀ) եւ այն փաստը, որ, ինչպես արդեն նշվեց, Կրեմլից լուրեր էին տարածվում նույնիսկ Քրդական միութենական հանրապետություն ստեղծելու մասին, եւ նաեւ այն փաստը, որ այդ ժամանակ Ադրբեջանի գավառների սահմանները համընկնում էին ազգային փոքրամասնությունների բաշխման էթնիկ տարածքի հետ, շատ սթափեցնող ազդեցություն ունեցավ այս խորհրդային հանրապետությունում սովետական ռեժիմի նկատմամբ վերաբերմունքի եւ ԽՍՀՄ-ի հանդեպ նրա հանդուրժողականության վրա:
Այսպես, Կուբինի գավառի բնակչության 59%-ը (որն ընդգրկում էր Ադրբեջանի ներկայիս Կուսարի, Կուբինի, Դիվիչիի եւ Խաչմայի շրջանները), կովկասյան լեռնեցիները եւ վրացիները կազմում էին Զաքաթալայի գավառի (որն ընդգրկում էր Ադրբեջանի ներկայիս Բելոկան, Զաքաթալա եւ Կախ շրջանները) բնակչության 60%-ը (համապատասխանաբար 45,7% եւ 14,2%), թալիշները կազմում էին Լենքորանի գավառի (որն ընդգրկում էր ներկայիս Ադրբեջանի Աստարին, Ջալիլաբադ, Լենքորան, Լերիք, Մասալի եւ Յարդիմլի շրջանները) բնակչության 43.2%-ը (չհաշված ռուսներին, որոնք նույնպես բնակչության զգալի տոկոս էին կազմում):
Ադրբեջանական ԽՍՀ-ում հակասովետական տրամադրությունների ուժեղացման դեպքում վարչատարածքային կազմավորումները դառնում էին Բաքվի վրա ճնշման շատ արդյունավետ մեխանիզմ: Կարմիր Քրդստանն այստեղ շատ էական դեր էր խաղում: Դա Ադրբեջանական ԽՍՀ-ի միակ գավառն էր, որի անվանումը նշում էր ազգային պատկանելությունը: Մյուս գավառների անունները (մասնավորապես՝ Կուբինը եւ Լենքորանը), որոնց սահմանները, ինչպես նշվեց վերեւում, համընկնում էին էթնիկական սահմանների հետ, այնուամենայնիվ, պատկերացում չէին տալիս այդ տարածքային միավորների ազգային պատկանելության մասին: Քրդստանի գավառը նման պատկերացում տալիս էր: Եվ հենց Քրդստանի այս առանձնահատկությունն էր, որ անհրաժեշտության դեպքում իր կարգավիճակը բարձրացնելու շատ հարմար հնարավորություն էր ընձեռում, մանավանդ որ այդպիսի փաստեր եղել էին:
Այսպես, 1923թ. հուլիսի 7-ին Ադրբեջանի կենտրոնական գործադիր կոմիտենի Լեռնային Ղարաբաղի եւ Քրդստանի սահմաններն ու վարչական կառավարման ձեւը որոշելու հանձնաժողովը վճռեց ստեղծել հենց Ինքնավար Քրդստան, որի կենտրոնը եւ սահմանները պետք է որոշվեին Ինքնավար Լեռնային Ղարաբաղի սահմանները հաստատելիս: Անգամ նման մտադրությունների առկայությունը, էլ չեմ ասում կոնկրետ գործողությունների մասին, բնականաբար, շատ ցավալի ազդեցություն ունեցավ Ադրբեջանի վրա:
Քրդստանի գավառը ստեղծելով՝ խորհրդային մարտավարները, որքան էլ պարադոքսալ թվա առաջին հայացքից, թուլացրեցին լարվածությունը միության երկու հանրապետությունների՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Բանն այն է, որ այն տարածքները, որոնց վրա հետագայում գտնվում էր Կարմիր Քրդստանը, միշտ եղել են պատմական Հայաստանի մաս, նրա Արցախ եւ Սյունիք նահանգների, ապա Ղարաբաղի մասը: 1918 թվականից սկսած՝ այս տարածքներին սկսեց հավակնել Ադրբեջանի նորաստեղծ պետությունը։ Այն ժամանակ հարցը չլուծվեց: Անգամ Ազգերի լիգան այս տարածքները վիճելի ճանաչեց: Նշենք նաեւ, որ Ադրբեջանի Հանրապետության 1918-1920թթ. սահմանադրության մեջ Ադրբեջանի սահմանները նշված չեն եղել: Այդ է պատճառը, որ Ազգերի լիգայի ղեկավարին 1920թ. դեկտեմբերի 7-ին ուղղված նամակում Ազգերի լիգայում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թոփչաբաշեւը բացատրում է, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին այն փաստով, որ այդպիսի որոշում է կայացրել Կովկասում դաշնակիցների նախկին ներկայացուցիչը: Հետո այդ տարածքները դարձել են Խորհրդային Ադրբեջանի մաս:
Այս համատեքստում Կարմիր Քրդստանի ստեղծումը որոշ չափով թելադրված էր 1918-1921 թվականներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վիճելի տարածքային խնդիրների առկայությամբ: Հայաստանի պատմական հողերի մի մասի կորուստը, հատկապես տարածքների փոխանցումը Ադրբեջանին, որը փաստացի կտրեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանից, չէր կարող բավարարել վերջինիս, եւ Քրդստանի գավառի ստեղծումը որոշ չափով մեղմում էր այս դժգոհությունը: Ստացվում էր այնպես, որ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ գտնվում էր ոչ թե Ադրբեջանը, այլ քրդական վարչատարածքային միավոր, որի կարգավիճակը ցանկացած պահի կարող էր բարձրացվել, որի ստեղծումը ազգերի ինքնորոշման իրավունքի եւ ինտերնացիոնալության մարմնացում էր:
Քրդստանի գավառի ստեղծումը հետապնդում էր նաեւ արտաքին քաղաքական ռազմավարական նպատակներ: Այդ տարիներին Մերձավոր Արեւելքում, հատկապես Թուրքիայում, շատ սուր էր քրդական հարցը: Կարմիր Քրդստանն իրականում դարձավ աշխարհում առաջին ճանաչված վարչատարածքային քրդական միավորը, եւ միայն այս հանգամանքը մեծապես ամրապնդեց խորհրդային պետության դիրքերը քրդերի շրջանում: Ավելին, ինչպես հայտնի է, 1925-ին Թուրքիայում բռնկվեց քրդական ապստամբություն՝ Շեյխ Սաիդի գլխավորությամբ: Թուրքական իշխանությունների ակտիվ խաղերը քրդական էլիտայի հետ՝ Սեւրի պայմանագրի պայմաններից ազատվելու համար (ի սկզբանե քեմալականները հայտարարում էին թուրքերի հետ քրդերի ազգային հավասարության, նույնիսկ քրդերի համար ինքնավարության մասին), փոխվեց պաշտոնական Անկարայի ռեակցիոնիստական գործողությունների արդյունքում 1923թ. Լոզանի պայմանագրի ստորագրումից հետո: Քրդական ապստամբության դաժան ճնշումից հետո էր, որ քեմալականները հայտարարեցին, թե Թուրքիայում չկան ոչ քրդեր, ոչ էլ քրդական խնդիր: Իսկ ԽՍՀՄ-ում շարունակում էր գոյություն ունենալ Կարմիր Քրդստանը: Հասկանալի է, որ այն չէր կարող չսատարել քրդերին: Ի դեպ, Թուրքիայի Քրդստանում քրդերի ազգային ընդվզումը ճնշելուց հետո 2000 քուրդ Թուրքիայից ապօրինի կերպով տեղափոխվեց Խորհրդային Միություն:
Կարմիր Քրդստանի կարեւորությունը պահանջում էր հատուկ վերաբերմունք նաեւ այս կազմավորման նկատմամբ: Օրինակ, 1925 թվականի հոկտեմբերի վերջին ընդունվեցին մի շարք որոշումներ, որոնք նախատեսում էին մարզում կուսակցական եւ պետական աշխատանքի ամրապնդում՝ բոլշեւիկներին եւ ծառայողներին աշխատավարձերի 25% հավելավճարով խրախուսելու, կրթության ոլորտի ֆինանսավորումը մեծացնելու եւ տարածաշրջանի տնտեսական հնարավորությունները զարգացնելու միջոցով:
Խոսելով քրդական միավորի կազմավորման հրամայականների մասին՝ հարկ է նշել, որ Կարմիր Քրդստանի ստեղծման վերջին երկու պատճառները, որքան էլ տարօրինակ լինի, բխում էին Ադրբեջանի շահերից: Նախ՝ Ադրբեջանն, այնուամենայնիվ, ստացավ ռազմավարական կարեւոր տարածքներ, որոնք ընկած էին Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ: Երկրորդ՝ Ադրբեջանն էլ ավելի ամրապնդեց իր արտաքին քաղաքական նշանակությունը` որպես մուսուլմանական Արեւելքի տարբեր երկրներում պրոլետարական գաղափարների տարածման եւ սովետական ազդեցության հիմնական բաղադրիչներից մեկը: Այնուամենայնիվ, այս ամենը չէր կարող փոխհատուցել բոլոր այն մտավախությունները, որոնք Բաքվում առաջացրեց Ադրբեջանի կազմում քրդական վարչատարածքային միավորի գոյությունը: Հաշվի առնելով դա՝ Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ արեցին այս միավորը վերացնելու համար: Սկզբում, այսպես ասած, ծածուկ ընտրվեց գործողությունների մարտավարությունը: Այստեղ հիմնական շեշտը դրվեց Կենտրոնին աստիճանաբար համոզելու վրա, թե քրդերը ձուլվել ու թուրքացել են, եւ դրանով հասնել Քրդստանի վերացմանը:
Առաջին քայլը Կարմիր Քրդստանի սահմաններն էին: Անգամ Կարմիր Քրդստանի պաշտոնական կազմավորումից առաջ, չորս լիագումար նիստերի ընթացքում (1922թ. հոկտեմբերի 21-22-ին, դեկտեմբերի 30-ին եւ 1923թ. հունվարի 13-ին) Ադրբեջանական ԽՍՀ կենտրոնական գործադիր կոմիտեն չկարողացավ որոշում կայացնել դրա ստեղծման շուրջ` ապագա գավառի սահմանների շուրջ տարաձայնությունների պատճառով: Ամենամեծ հակասությունն առաջացրեց Կուբաթլի դայրան Կարմիր Քրդստանի կազմում ներառելու նպատակահարմարությունը: Ի վերջո որոշվեց ներառել այն: Բայց այս դայրան, ինչպես արդեն նշվեց, 98,9%-ով թյուրքաբնակ էր: Այն ներառելով Քրդական գավառում՝ Բաքվի իշխանությունները զգալիորեն կրճատեցին գավառում քրդերի տոկոսը:
Կարմիր Քրդստանի գոյության ողջ ընթացքում այն պարբերաբար բնակեցնում էին Ադրբեջանական ԽՍՀ տարբեր վայրերից թուրքերով: Այսպես, 1925թ. քրդերը կազմում էին Քրդստանի գավառի բնակչության 80,7%-ը, իսկ 1926թ. համամիութենական մարդահամարի համաձայն` արդեն 73,1%-ը: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում Բաքվի իշխանություններին հաջողվել է ավելի քան 7%-ով կրճատել Կարմիր Քրդստանում քրդերի տոկոսը: Թուրքերին բնակեցնում էին գավառի տարբեր մասերում: Օրինակ՝ 1920-ականների վերջին Լաչին ավանի բնակչության մեծ մասը տղամարդիկ էին՝ ադրբեջանական այլ շրջաններից թյուրքական ազգության ներգաղթյալներ:
Միաժամանակ, երբ Թուրքիայից 2 հազար վերոհիշյալ քրդերը տեղափոխվեցին Ադրբեջան, նրանց Քրդստանում չբնակեցրին: Փոխարենը` Եվլախ կայարանի տարածքում նախկին միլիոնատեր Թագիեւի կալվածքում վերաբնակիչների համար հատկացվեց ավելի քան 4 հազար հա տարածք եւ տրվեց երկարաժամկետ անվերադարձ 60 հազար ռուբլի վարկ: Նույն տարածքում ձեւավորվեց նոր բնակավայր՝ Նարիմանաբադը՝ 181 ընտանիքով: Ադրբեջանի արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատը նոր բնակավայրի համար հատկացրեց շուրջ 2 հազար հա տարածք եւ տվեց երկարաժամկետ վարկ: Երբ ստեղծվեց Քրդստանի մարզը, նրա կազմում ընդգրկվեցին նաեւ նախկին Զանգելանի եւ Ջեբրաիլի շրջանների այն տարածքները, որոնք որեւէ նշանակալի քրդական բնակչություն չունեին: Այսպիսով, Բաքվի իշխանությունները էլ ավելի կրճատեցին Կարմիր Քրդստանում քրդերի տոկոսը:
Ադրբեջանի իշխանությունները նաեւ ամեն կերպ նպաստում էին Կարմիր Քրդստանի թուրքացմանը, մասնավորապես` կանխելով քրդական դպրոցների բացումը, քրդական լեզվի եւ մշակույթի զարգացումը: Հրապարակվում էին տարատեսակ նյութեր, որոնք «ապացուցում էին» քրդերի ուժեղ ձուլումն ու թուրքացումը: Թեեւ իրականում, եթե դա նույնիսկ պատահել է, ապա շատ ավելի փոքր չափով: «Քուրդ» բառին տիրապետող ազգի գիտակցության մեջ հետեւողականորեն վիրավորական իմաստ էին տալիս: Նրա պատկերացումներում քրդերը անգրագետ, հետամնաց մարդիկ էին, քոչվորներ: Քրդական մտավորականության շատ ներկայացուցիչներ ստիպված էին հրաժարվել իրենց ազգային պատկանելությունից՝ միայն այն պատճառով, որ կարող էին կորցնել աշխատանքը: Նման գործողությունները լարվածություն ստեղծեցին Կարմիր Քրդստանում ազգամիջյան հարաբերություններում:
1929թ. հոկտեմբերի 15-ին «Զարյա Վոստոկա» թերթում կարդում ենք հետեւյալը. «Ադրբեջանական Քրդստանում ազգային հարաբերություններն առանձնանում են նրանով, որ մեծ բարդություն են ներկայացնում եւ անուշադրության են մատնված... Ադրբեջանի թուրքերը, ի տարբերություն հայերի, ներկայացնում են համեմատաբար նոր էթնիկ խումբ՝ ընդ որում ցուցաբերելով ոչ թե անկում, այլ ընդհակառակը՝ անսահման աճ ու ամրապնդում: Դա զգացվում է ոչ միայն ազգային միջուկի մեխանիկական ավելացմամբ, այլեւ Ադրբեջանի հարեւան զուտ թյուրքական շրջաններից վերաբնակեցմամբ, սակայն, եւ դա ամենակարեւորն է, առավելապես` «թուրքացման» տեսքով մշակութային ձուլման բարդ գործընթացների միջոցով:
Հետաքրքիր է, որ մինչ 1931 թվականը Ադրբեջանում քրդերեն ոչ մի դպրոց չէր գործում: Առաջին քրդական դպրոցները հայտնվել են 1931-32 թվականներին, այսինքն Կարմիր Քրդստանի վերջնական վերացումից հետո: Սակայն քրդական դպրոցները երկար չտեւեցին եւ փակվեցին 1937-38 թվականներին: Դրանից հետո Ադրբեջանում ոչ մի քրդական դպրոց չի բացվել, չի գործել ոչ մի քրդական թատրոն:
Այնուամենայնիվ, նույնիսկ այն իրավիճակում, երբ այլեւս չկար Կարմիր Քրդստանը, Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում էին քրդական մշակույթի զարգացմանը եւ քրդական դպրոցների տարածմանը: Օրինակ՝ Նախիջեւանի քրդերը կրթություն են ստացել Երեւանում, որտեղ 1931թ. բացվել է Քրդական մանկավարժական տեխնիկումը, իսկ մնացած Ադրբեջանի քրդերը կրթությունը ստացել են Շուշիի ադրբեջանալեզու մանկավարժական տեխնիկումի քրդական ֆակուլտետում, որն, ի դեպ, տեղակայված էր նախկին հայկական ռեալական ուսումնարանի շենքում:
Հայաստանում եւ Վրաստանում սովորած քրդերն իրենց ուսումը շարունակում էին Լենինգրադում, մինչդեռ Ադրբեջանի քրդերը զրկված էին նման հնարավորությունից: Բաքվի իշխանությունները ամեն կերպ կանխում էին քրդերեն դասագրքերի ու գրքերի տպագրությունը: 19289-1929թթ. ընթացքում Ադրբեջանում տպագրվել է քրդերեն ընդամենը 28 գիրք, իսկ Հայաստանում անհամեմատ ավելի շատ քրդական գրքեր են տպագրվել: Նույնիսկ «Կարմիր Քրդստան» թերթը, որը 1931թ. հիմնադրվել է Լաչինում եւ գոյություն է ունեցել մինչեւ 1962թ. (նաեւ Կարմիր Քրդստանի վերացումից հետո), լույս է տեսել ադրբեջաներեն: Հատկանշական է, որ Ադրբեջանում նույնիսկ ազգությամբ քուրդ գիտնականներին թույլ չէին տալիս տպագրել Ադրբեջանական ԽՍՀ-ի քրդերի մասին, նրանք բոլորն էլ արտասահմանում քրդերի մասին էին աշխատություններ հրատարակում, մինչդեռ Հայաստանում ամեն ինչ հակառակն էր:
Հարկ է նշել, որ կրթության եւ մշակույթի ոլորտը քրդական պետականության ձեւավորման հիմնական ուղղություններից մեկն էր՝ հաշվի առնելով, որ դա է, թերեւս, ժողովրդի ազգային ինքնության պահպանման եւ ամրապնդման ամենաարդյունավետ մեխանիզմը: Ի դեպ, այն ժամանակվա հետազոտողները նշում են, որ 1923թ. Քրդստանի գավառի ձեւավորումը, անշուշտ, նպաստում էր նրան, որ նույնիսկ թուրքացված բնակիչների մեծամասնությունը սկսեց իրեն քուրդ անվանել՝ իրենց ազգությունը կապելով այն տարածքի անվան հետ, որում ապրում էին՝ անվանելով այս գործընթացը «մասսայական քրդացում»:
Քրդստանը Բաքվից եւ Ադրբեջանի այլ շրջաններից հեռու էր գտնվում: Այո, նա առանձնացրեց Հայաստանը Լեռնային Ղարաբաղից, բայց քրդերի ազգային ինքնության ամրապնդումը, այս ժողովրդի ապաթյուրքացումը հավասարազոր կլիներ ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանի կորստի: Կարող էր պարզվել, որ Ադրբեջանական ԽՍՀ-ի ամբողջ հարավ-արեւմուտքը (Քրդստան, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) գործնականում միայն անունով է Բաքվի վերահսկողության տակ, եւ այդ վերահսկողությունը ամբողջովին կախված է ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններից: Ակնհայտ է, որ քրդական օրինակը կարող էր նաեւ շատ վտանգավոր նախադեպ ծառայել հանրապետության մյուս փոքր ժողովուրդների համար: Ավելին, Ադրբեջանի քրդերի մշակութային վերածնունդը կարող էր ուժեղացնել հայկական գործոնը տարածաշրջանում: Օրինակ՝ 1921-28թթ. ԽՍՀՄ քրդերի համար ստեղծվեց այբուբեն՝ հայկական այբուբենի հիման վրա, որը հայտնի է որպես Շամս (Արեգակ): Այս այբուբենը քուրդ երեխաներին սկսեցին դասավանդել Հայաստանի եւ Վրաստանի դպրոցներում: Նշենք, որ հայ-քրդական գրական կապերն ու քրդերի կողմից հայկական այբուբենի օգտագործումը բավական երկար պատմություն ունի: Այսպես, քրդերենով ամենահին աղբյուրներից մեկը 9-11-րդ դարերում հայկական այբուբենով գրված աղոթքն է: 18-րդ դարում հայկական այբուբենով լույս է տեսել նաեւ քրդերեն (քուրմանջի բարբառ) առաջին Աստվածաշունչը:


Հասկանալի է, որ ժամանակի ընթացքում Կարմիր Քրդստանը նույնպես կարող էր ներգրավվել նման գործընթացի մեջ, եւ դա արդեն լուրջ քաղաքական հետեւանքներ կունենար Ադրբեջանի համար: Հետո ԽՍՀՄ-ը որոշեց լատինական այբուբենի հիման վրա այբուբեն ստեղծել քրդերի համար: Ավելին, ամենայն հավանականությամբ, հենց Ադրբեջանն է նախաձեռնել այդ վերափոխումը: Չէ՞որ այս այբուբենի նախագիծը քննարկվել եւ հաստատվել է նոր թուրքական այբուբենի համամիութենական կենտրոնական կոմիտեին կից գիտական խորհրդի եւ Ադրբեջանի զննումների եւ հետազոտությունների միության թուրքագիտական բաժնի համատեղ նիստում:
Բայց Ադրբեջանը միայն քրդական այբուբենի բարեփոխումը չի նախաձեռնել: Նա նախաձեռնել է ԽՍՀՄ բոլոր մահմեդական ժողովուրդների գրերի լատինական այբուբենի անցումը։ Ահա թե ինչպես էր այդ մասին գրված խորհրդային Գրական հանրագիտարանում. «Գրերի լատինականացման համար պայքարում պրոլետարական Ադրբեջանի փորձը հիմք հանդիսացավ Միությունում գրերի լատինականացման հետագա զարգացման համար: Հետեւաբար Ադրբեջանը իրավամբ ԽՍՀՄ-ում լատինականացման առաջամարտիկ է համարվում: 1926-ի մարտին Ադրբեջանի նախաձեռնությամբ գումարվեց առաջին թյուրքագիտական համագումարը (Բաքվում), որում թյուրք-թաթարական, լեռնային եւ այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, Լենինգրադի եւ Մոսկվայի գիտությունների ակադեմիայի գիտական մասնագետների մասնակցությամբ, ձայների ճնշող մեծամասնությամբ որոշում կայացրեցին՝ Ադրբեջանի լատինացման փորձը Միության մյուս հանրապետություններում եւ ինքնավար մարզերում, որոնք գրի հնացած ձեւերից են օգտվում, կիրառելու ցանկալիության մասին: Այս աշխատանքը ղեկավարելու համար ստեղծվեց Նոր թյուրքական այբուբենի համամիութենական կենտրոնական կոմիտե (ՆԹԱ ՀԿԿ)»:
Իրոք, շատ մշակված մոտեցում: Մի կողմից, հաճոյանալ կենտրոնին՝ այն ժամանակ լատինական այբուբենին անցումը կուսակցության գլխավոր գիծն էր, եւ Լենինն ինքը լատինականացումը անվանել էր հեղափոխություն Արեւելքում, մյուս կողմից, նման «համամիութենական փոթորկի» ներքո հարված էր հասցվում հենց Ադրբեջանի ներսում փոքր ժողովուրդների ինքնությանը: Հասկանալի է՝ արդարացնելու համար քրդական այբուբենի՝ հայերեն այբուբենից լատինական այբուբենին անցումը։ Մի շարք գիտնականներ նույնիսկ տասնամյակներ անց հայտարարեցին, որ «այս այբուբենը կազմվել է առանց քրդական հնչյունաբանության մասին բավարար գիտելիքների եւ չի համապատասխանում ուղղագրական անհրաժեշտ պահանջներին»: Այլ կարծիքի էին մի շարք քուրդ գործիչներ, որոնք բարձր էին գնահատում հայկական այբուբենի վրա հիմնված քրդական տառերը եւ նույնիսկ երախտագիտություն էին հայտնում հայ ժողովրդին եւ հայ գրերի ստեղծողին՝ նշելով հայկական այբուբենի կարեւոր ներդրումը քրդական մշակույթի զարգացման մեջ:

Հետաքրքիր է, սակայն, որ հայ-քրդական կապերը թուլացնելու համար Բաքվում հատուկ ուշադրություն էին դարձնում Քրդստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ կապերի թուլացմանը: Օրինակ, 1924-ին ՀԿԿ կենտրոնական կոմիտեի նախագահությունը Քրդստանի քաղբյուրոն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի քաղբյուրոյից առանձնացնելու որոշում ընդունեց, անմիջապես կենտրոնին առաջինի ենթակայությամբ: Ի դեպ, քրդական վարչական միավորի վերացումից առաջ Ստեփանակերտում Կարմիր Քրդստանի փողոց կար, որը հետագայում վերանվանվեց Չկալովի փողոց: Հիմա այդ փողոցը Վարդան Մամիկոնյանի անվան է։ Այսպիսով, հեղափոխական ռոմանտիզմի շրջանում խորհրդայնացումը եւ խորհրդային պետության կառուցումը քրդերին ինքազարգացման շատ բացառիկ հնարավորություն տվեց: Փաստորեն հաստատվեց ազգային քրդական պետականությունը: Սակայն նրա գոյությունը երկար չտեւեց եւ շուտով Ադրբեջանական ԽՍՀ-ի քրդերը ստիպված եղան բախվել լուրջ մարտահրավերի, ընդ որում՝ գլոբալ բնույթի, որին նրանք միայնակ եւ սիմետրիկ ի վիճակի չէին դիմակայել:





























