Մեծ Բրիտանիան դեռեւս կարող է ԵՄ-ի հետ կնքել ազատ առեւտրի մասին համաձայնագիր, բայց ոչ մի պարագայում սպառնալիքի տակ չի դնի իր անկախությունը եւ պատրաստ է գործարքի բացակայության տարբերակին։ Այս մասին նշված է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարության մեջ։
«Դեռեւս կա համաձայնագիր, որին կարելի է հասնել։ Մենք սեպտեմբերին լարված աշխատելու ենք, որ դրան հասնենք։ Դրա հիմքում ազատ առեւտրի մասին համաձայնագրի վերաբերյալ մեր ողջամիտ առաջարկն է, ինչպիսի համաձայնագրի ԵՄ-ն հասել է Կանադայի եւ շատ այլ երկրների հետ։ Նույնիսկ այս ուշ փուլում, եթե ԵՄ-ն պատրաստ է իր դիրքորոշումը վերաիմաստավորել եւ դրան համաձայնվել, ես ուրախ կլինեմ»,- նշված է Ջոնսոնի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Լոնդոնի եւ Բրյուսելի բանակցությունների վճռորոշ փուլի նախօրեին։ Այն մեկնարկում է սեպտեմբերի 8-ին։ «Բայց հանուն այս նպատակի մենք չենք կարող զոհաբերել այն, ինչն ընկած է պետության անկախության հիմքում, եւ դա չենք անի»,- նախազգուշացրել է Ջոնսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա հստակ հոկտեմբերի 15-ն է նշել որպես գործարքին հասնելու ծայրահեղ ժամկետ՝ օր, երբ նախատեսված է ԵՄ գագաթնաժողովը։ «ԵՄ-ն անչափ հստակ է ձեւակերպել ժամանակացույցը։ Ես նույնպես։ Որպեսզի համաձայնագիրը մինչեւ տարեվերջ ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է, որ մեր եվրոպացի բարեկամների հետ համաձայնությունը ձեռք բերվի ԵՄ գագաթնաժողովի անցկացման ժամանակ՝ հոկտեմբերի 15-ին։ Այնպես որ, իմաստ չունի այդ օրվանից հետո ժամկետի մասին մտածել։ Եթե մենք մինչ այդ պահը չկարողանանք պայմանավորվել, ապա չեմ կարծում, որ մեր միջեւ կլինի ազատ առեւտրի մասին համաձայնագիր, մենք բոլորս պետք է սա ընդունենք եւ առաջ շարժվենք»,- նշված է բրիտանացի վարչապետի հայտարարության մեջ։
Մեծ Բրիտանիան ձգտում է ԵՄ-ի հետ կնքել Եվրամիության եւ Կանադայի միջեւ պայմանագրի նման ազատ առեւտրի մասին համաձայնագիր։ Դա թույլ կտա իրականացնել գործնականում ամբողջությամբ առանց մաքսատուրքերի առեւտուր, բայց սահմանում է ապրանքների մի շարք մաքսային ստուգումներ եւ չի ընդգրկում Մեծ Բրիտանիայի համար կարեւոր ծառայությունների շուկան։ Բայց եթե դա չհաջողվի, ապա Լոնդոնը պատրաստ է ԵՄ-ի հետ առեւտուր կատարել նաեւ իր համար պակաս ձեռնտու պայմաններով։
«Այդ դեպքում մենք ԵՄ-ի հետ կունենանք առեւտրային համաձայնագիր, ինչպիսին Ավստրալիայի հետ է։ Ցանկանում եմ միանգամայն հստակ հայտարարել, ինչպես ի սկզբանե ենք ասել, որ Մեծ Բրիտանիայի համար դա լավ արդյունք կլինի։ Որպես կառավարություն՝ մենք նախապատրաստություն ենք կատարում, որ մեր սահմանները եւ նավահանգիստները դրան պատրաստ լինեն։ Մենք մեր օրենքների, մեր կանոնների, մեր ձկնորսական շրջանների լիակատար վերահսկողություն կունենանք։ Մենք ազատ կլինենք առեւտրային համաձայնագրեր կնքել աշխարհի ցանկացած երկրի հետ։ Իսկ արդյունքում մեծապես կբարգավաճենք»,- վստահ է Ջոնսոնը։
Ընդ որում՝ նա խոստացել է, որ թագավորությունը կպահպանի Եվրամիության հետ բարիդրացիությունը։ «Մենք, իհարկե, մշտապես պատրաստ կլինենք խոսելու ԵՄ-ի մեր բարեկամների հետ նույնիսկ այդ հանգամանքների պարագայում։ Մենք պատրաստ կլինենք, եթե ԵՄ-ն դա ցանկանա, գտնել խելամիտ լուծումներ այնպիսի գործնական հարցերում, ինչպես՝ ավիաթռիչքները, ավիաբեռնափոխադրումները կամ գիտական համագործակցությունը։ Մեր դուռը երբեք փակ չի լինի, եւ մենք առեւտուր կիրականացնենք մեր բարեկամների ու գործընկերների հետ, բայց առանց ազատ առեւտրի մասին համաձայնագրի»,- նշել է բրիտանացի վարչապետը։





























