Երկուշաբթի կորած բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի անդամներ Մարիա Կոլեսնիկովան, Իվան Կրավցովը եւ Անտոն Ռոդնենկովը Բելառուսից հեռացել են, «Sputnik-Բելառուսի»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել են Պետական սահմանապահ կոմիտեում (ՊՍԿ)։

«Կրավցովը, Ռոդնենկովը եւ Կոլեսնիկովան իսկապես այսօր առավոտյան ժամը 4-ին պետական սահմանի բելառուսա-ուկրաինական տեղամասի «Ալեքսանդրովկա» անցակետում ձեւակերպում են կատարել»,- ասել է Բելառուսի ՊՍԿ պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին։

Երկուշաբթի տեղեկություն էր հայտնվել, որ իրավապահ մարմինների աշխատակիցները, հավանաբար, ձերբակալել են ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովային։ Դրանից հետո նա դադարել էր կապ հաստատել, նրա գտնվելու վայրը հայտնի չէր մինչեւ ուշ երեկո։ Կոլեսնիկովայի հարազատները միլիցիա հայտարարություն էին տվել նրա անհետանալու մասին։

Ընդդիմության ներկայացուցչի անհետանալուց հետո նրան որոնելու էին գնացել ՀԽ մամուլի քարտուղար Անտոն Ռոդնենկովը եւ գործադիր քարտուղար Իվան Կրավցովը։ Նրանք եղել էին Մարիա Կոլեսնիկովայի տանը, բայց նրան այնտեղ չէին գտել, որից հետո իրենք էլ էին դադարել կապ հաստատել։

Մինչ այդ նույն կերպ անհետացել եւ արտասահմանում էին հայտնվել ընդդիմության այլ ներկայացուցիչներ։ Այսպես՝ նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հապշտապ մեկնել էր Լիտվա ընտրություններից մեկ օր անց իրավապահների հետ շփվելուց հետո։ Ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՀԽ անդամ Պավել Լատուշկոն Բելառուսից Լեհաստան էր հեռացել սեպտեմբերի սկզբին։ Մի քանի օր հետո Լեհաստան էր ուղեւորվել ՀԽ նախագահության անդամ Օլգա Կովալկովան։