Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, Բելառուսի տարբեր բնակավայրերում գրանցվել է բողոքի 28 ցույց։ Մասնակիցների ընդհանուր թիվն անցել է 22 հազար մարդուց։ ՆԳՆ-ն անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել կարգի պահպանման եւ դրանց անցկացման հանրային անվտանգության ապահովման համար։ Այս մասին իր Telegram ալիքում նշել է Բելառուսի ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան։
«Մինսկի տարբեր կետերում քաղաքացիներն են հավաքվել, որոնք շարժվել են դեպի քաղաքի կենտրոն։ Մինչեւ 15 հազար մարդուց կազմված շարասյունը 16:30-ին անցել է Պուշկինի պողոտայով, Օռլովի փողոցով եւ Հաղթողների պողոտայով, այնուհետեւ ուղղվել է «Դրոզդի» միկրոշրջան։ Հանդիպելով ներքին գործերի մարմինների աշխատակիցների շղթային՝ ցուցարարները շարժվել են հետադարձ ճանապարհով։ Փոքր խմբերով ցրելու ձեռնարկված միջոցառումներից հետո չարտոնված ցույցն ավարտվել է 20։00-ի սահմաններում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արդեն հաղորդվել է, որ Բրեստում ճանապարհային երթեւեկության սպառնալիքից խուսափելու համար կիրառվել է ջրցան։ Վիտեբսկում տղամարդը պոկել է հասարակական կարգի ծառայություն կատարող աշխատակցի ժետոնը եւ տեսագրանցիցչը։ Նովոպոլոցկում «ակտիվիստները» վնասել են իրավապահների ծառայողական երեք մեքենա։
Մոգիլյովում «Ատրիում» առեւտրի կենտրոնի մոտ չարտոնված ցույցի մասնակիցը հարձակվել է ՆԳ մարմինների 2 աշխատակցի վրա, վնասել համազգեստը, պոկել ռադիոկապի սարքը եւ տեսագրանցիչը։
Անկարգությունների մասնակիցների գործողություններին իրավական գնահատական է տրվում։
Երեկ զանգվածային միջոցառումների մասին օրենքի խախտման համար ընդհանուր ձերբակալվել է 774 քաղաքացի (Մինսկում՝ ավելի քան 500)։ Մինչեւ դատարանում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննումը, ձերբակալվածների պահման վայրեր են տեղափոխվել 544 մարդիկ։





























